ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2022 թվականի սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված աշխատավարձերը միասին վերցված 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավելի է 33 միլիարդ 430 միլիոն դրամով կամ 23.5%-ով: «Հիմա հանրապետության ընդհանուր աշխատավարձային ֆոնդը 73 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի սեպտեմբերին: Շատ կարևոր է եկամտային հարկի ընդհանուր գումարը: 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ եկամտային հարկ ավել է հավաքագրվել 5 միլիարդ 351 միլիոն դրամով, կամ 17.6%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ 10 միլիարդ 556 միլիոն դրամով կամ 41.8%-ով»,- կառավարության նիստին ասել է նա:Ինչ վերաբերում է մեկ մարդուն վճարված միջին աշխատավարձին, Փաշինյանն ասել է, որ 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ մեկ աշխատողին վճարված աշխատավարձն ավելի է 35 769 դրամով կամ 16.4%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավելի է 80 077 դրամով կամ 46.1%-ով: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին ասել է, որ 2021-ին եկամտային հարկի դրույքաչափը 22% էր, այս տարի 21% է, իսկ հունվարի 1-ից լինելու է 20%-ով: «Եկամտային հարկի հավաքագրումները 9 ամսվա տվյալներով 378.9 միլիարդ է, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 42.5 միլիարդով կամ 12.6%-ով»,- ասել է նա: ՊԵԿ նախագահի խոսքով՝ վերադարձի ծավալը տարեցտարի ավելանում է: «Հիմնականում ծանրաբեռնվածությունն ընկնում է հիփոթեքային ծրագրի վրա, և վերադարձի ցուցանիշն արդեն առաջին 9 ամսվա համար 30.4 միլիարդ է, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավելի է 12.3 միլիարդով կամ 67.7%-ով»,- նշել է Ռուստամ Բադասյանը: Tweet Դիտում՝ 5185