ՔՈԱՖ-ի շրջանավարտների համար կմեկնարկի երկրորդ ամենամյա ստարտափ ծրագիրը

17.10.2022 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՔՈԱՖ #HSBC Հայաստան #ստարտափ ծրագիր
Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շրջանավարտների համար նախաձեռնել է ստարտափ ինկուբացիոն ծրագիր, որն այս տարի կիրականացվի հայ-ֆրանսիական բիզնես աքսելերատոր StartDoon-ի հետ համագործակցությամբ:  

Ծրագիրը կյանքի է կոչվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան), ինչպես նաեւ Zark նվիրատվությունների եւ Healthbird բժշկական ապահովագրության հավելվածների հովանավորությամբ:

Նախաձեռնությունը նպատակ ունի օգնել Հայաստանի գյուղաբնակ երիտասարդներին կյանքի կոչելու իրենց նորարարական ստարտափ գաղափարները կրթական տեխնոլոգիաների (EdTech), Ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech), զբոսաշրջության, ագրարային տեխնոլոգիաների (Agritech) եւ կանաչ լուծումների (Green Solutions) ոլորտներում։

ՔՈԱՖ-ի երեւանյան գրասենյակում տեղի ունեցավ ծրագրի հանդիսավոր մեկնարկը, որտեղ ներկա էին վերջինիս շահառուները եւ գործընկերները: Միջոցառման ընթացքում ներկայացվեց այս տարվա ծրագիրը, որը բաղկացած կլինի 3 փուլերից:

Առաջին` նախաինկուբացիոն փուլով նախատեսվում է կազմակերպել 4-ամսյա դասընթացներ ավագ դպրոցի մոտ 150 աշակերտների համար ձեռնարկատիրական նախագծերին նախապատրաստվելու, ինչպես նաեւ հետագա ստարտափ ինկուբացիոն փուլում նրանց մասնակցությունը դյուրացնելու նպատակով:

Երկրորդ փուլում կընդգրկվեն ՔՈԱՖ-ի 30 շրջանավարտ տարբեր մարզերից, որոնք կմասնակցեն ութշաբաթյա ինտենսիվ վերապատրաստման ծրագրին` հնարավորություն ստանալով վավերացնել տարբեր բիզնես գաղափարներ: Փուլը կավարտվի «փիչինգ» միջոցառմամբ, որի ընթացքում շրջանավարտներին կտրամադրվի 5-ական րոպե` իրենց գաղափարները ստարտափ փորձագետներից եւ ՔՈԱՖ-ի անձնակազմից կազմված ժյուրիին ներկայացնելու համար:

Մրցույթի արդյունքում կընտրվեն երեք հաղթող ստարտափներ, որոնց միջեւ կբաշխվի տասնհինգ հազար դոլարի ֆինանսավորումը, ինչը կուղղվի նրանց բիզնես նախաձեռնությունները սկսելուն: Ինկուբացիոն ծրագրի հաղթողներն իրենց տեղը կապահովեն նաեւ վերջին` նախաաքսելերացիոն փուլում: Փուլը նախատեսված է շուկա դուրս գալու եւ աքսելերատորներին, ներդրումներին եւ եկամուտներին պատրաստվելու համար։

«Նախորդ տարվա պիլոտային ծրագրի արձանագրած հաջողությունը հերթական անգամ բացահայտեց Հայաստանի գյուղաբնակ երիտասարդների տաղանդն ու ներուժը: ՔՈԱՖ-ի Շրջանավարտների ստարտափ ինկուբացիոն ծրագրի շնորհիվ երեք ստարտափ արդեն իսկ գտնվում են իրենց բնակավայրերում սեփական բիզնես սկսելու վաղ փուլում: ՔՈԱՖ-ը շարունակում է սերմանել եւ խթանել քաղաքացիական պատասխանատվության մշակույթը՝ խրախուսելով երիտասարդ շահառուներին իրենց համայնքներում ստանձնելու նորարարության եւ առաջընթացի շարժիչ ուժի դերը»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:

Ծրագրի ողջ ընթացքում եւ դրանից հետո դիմորդներին կտրամադրվի ոլորտին առնչվող մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաեւ շուկայի ռեսուրսների հասանելիություն, կապեր ստեղծելու հնարավորություններ եւ բիզնեսին վերաբերող համապարփակ դասընթացներ:

«Մարզերի կայուն զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը մեր բանկի ռազմավարական ուղղություններից մեկն է: Բարեկեցիկ կյանք ունենալու կարեւոր նախապայմաններից է տեղում բնակվող երիտասարդների  նախաձեռնողականությունը: Դա է պատճառը, որ մենք թե՛ ֆինանսապես եւ թե՛ մեր անմիջական մասնակցությամբ օժանդակում ենք այնպիսի ծրագրերին, որոնք հարթակ են ստեղծում մարզերում բնակվող երիտասարդների գիտելիքների ձեռքբերման եւ բիզնես գաղափարների իրագործման համար»,- իր հերթին ասել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
Դիտում՝ 18732
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW