Մեկնարկել են «Երեմյան Ֆարմի» գյուղատնտեսական նախագծի շինաշխատանքները

10.10.2022 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեմյան Ֆարմ #գյուղատնտեսական նախագիծ
Լոռու մարզի Տաշիր համայնքում հոկտեմբերի 8-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում տեղադրվել է «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկը: Այսպիսով, մեկնարկել են ֆերմայի շինարարական աշխատանքները։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Եվրասիական զարգացման բանկի (EDB) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը եւ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը:

Դեռ օգոստոսի 5-ին «Երեմյան Փրոջեքթսի» Ջերմուկի ֆերմայում ստորագրվել էր համագործակցության հուշագիր, ըստ որի՝ Եվրասիական զարգացման բանկը $25 մլն ներդրում է կատարելու Լոռու մարզի Տաշիր համայնքում «Երեմյան ֆարմի» կողմից խոշոր տավարաբուծական եւ խոզաբուծական նոր ֆերմա կառուցելու համար:



Միջոցառմանը ներկա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ նման նախաձեռնությունները խթան են մասնավոր հատվածի եւ արտահանման ներուժի զարգացման համար:

«Արդեն հաջորդ գարնանը մենք կունենանք նոր, բարձրակարգ, առաջնակարգ ֆերմերային տնտեսություն, որը Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման վրա զգալի ազդեցություն կունենա։ Այստեղ կա թե՛ խոզաբուծարան, թե՛ կաթնատու կովերի ֆերմա։ Երկուսն էլ շատ կօգնեն, որ մեր գյուղատնտեսության միջին արտադրողականությունը նույնիսկ զգալիորեն բարձրանա»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ ներդրումային այս ծրագրի ընդհանուր արժեքը $31 միլիոն է:
«Սա գյուղատնտեսության մեջ, երեւի թե, ամենախոշոր ներդրումային ծրագիրն է, որը ցույց է տալիս՝ գյուղատնտեսության նկատմամբ ներդրումային հետաքրքրությունը կտրուկ մեծանում է»,- ասել է նախարարը:

«Երեմյան Ֆարմի» անասնապահական այս խոշոր համալիրի ընդհանուր մակերեսը 29 հեկտար է, որը ներառելու է խոշոր եղջերավոր կենդանիների եւ խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց՝ երկու ֆերմայի համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։ Համալիրը համապատասխանեցված է լինելու արտադրության եւ որակի սահմանված միջազգային չափանիշներին, հագեցած՝ ավտոմատ համակարգերով ու սարքավորումներով։

Երեմյան Փրոջեքթս ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն էլ ասել է, որ ծրագրի նպատակը ՀՀ-ում պարենային անվտանգության, գյուղատնտեսության եւ տնտեսական զարգացման ապահովումն է:

««Սերմից՝սեղան» ամբողջապես փակ ցիկլով գործելու մեր ռազմավարությունը թույլ է տալիս ապահովել կաթնարտադրության յուրաքանչյուր փուլի վերահսկողությունը, ինչը մեծապես կնպաստի հասարակությանը որակյալ կաթնամթերք մատակարարելուն եւ պարենային անվտանգության ապահովման այսօրվա մարտահրավերների հաղթահարմանը։ Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնել Հայաստանում ժամանակակից անասնաբուծության եւ կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ զարգացնելու գործում եւ այդ պարտավորություններն արդեն իսկ իրագործում ենք առանձնակի ակտիվությամբ»,-ասել է Դավիթ Երեմյանը:

Նա նշել է, որ անասնապահական այս համալիրը լինելու է Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն ու եզակին։

Եվրասիական զարգացման բանկի (EDB) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանն էլ նշել է՝ սա իրենց բանկի խոշորագույն ներդրումներից մեկն է ՀՀ-ում:

«Սա օրինակելի ծրագիր է նրանով, որ այստեղ միջազգային բանկի կողմից  կառավարության եւ բիզնեսի եռակողմ համագործակցություն է ընթանում։ Ծրագիրը մեծ թափ կբերի մասշտաբային տնտեսության եւ տարածքային զարգացմանը, որովհետեւ Հայաստանում մասշտաբային արդյունաբերական տնտեսությունները շատ քիչ են։ Սա օրինակ կծառայի, որ հայ ներդրողները եւս ակտիվանան մեր երկրում»,- ասել է նա:
Դիտում՝ 2822
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW