ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Գեղարքունիքի, Շիրակի եւ Սյունիքի մարզերի խոցելի փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք ամենաշատն են տուժել Ուկրաինայում հակամարտության հետեւանքով առաջացած մատակարարման շղթայի խաթարումից: Աջակցությունն իրականացնում է ՄԱԿ ՊԳԿ-ն եւ ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների Միասնական հիմնադրամը:«Հայաստանում ամենաշատ մշակվող հացահատիկը ցորենն է, սակայն վերջին տարիներին դրա արտադրությունն անշեղորեն նվազում է։ Բացի այդ, Ուկրաինայում պատերազմը խաթարել է ավանդական լոգիստիկ ուղիները՝ խոչընդոտելով արտահանման եւ ներմուծման գործընթացներին Հայաստանում»,- ասված է հաղորդագրության մեջ։Նախաձեռնության շրջանակում ՊԳԿ-ն արդեն բաշխել է 151 տոննա աշնանացան ցորենի սերմացու Գեղարքունիքի (Ճամբարակ եւ Վարդենիս համայնքներ) եւ Շիրակի (Անի, Ախուրյան, Արթիկ, Ամասիա եւ Աշոցք համայնքներ) մարզերում։ Բացի այդ, ՊԳԿ-ն շահառու ֆերմերներին տեղեկատվություն եւ խորհրդատվություն է տրամադրում աշնանացան ցորենի սերմերի մշակման վերաբերյալ:Ընդհանուր առմամբ, երեք մարզերի 1078 անապահով շահառուների կտրամադրվի 301 տոննա աշնանացան ցորենի սերմացու, որոնցից յուրաքանչյուրը մինչեւ հոկտեմբերի 10-ը կստանա մինչեւ 300 կգ օգնություն։Նշվում է, որ Հայաստանում պարենային անապահովությունը պայմանավորված է ֆինանսական դժվարություններով. COVID-19 համավարակի տնտեսական ազդեցությունը, Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում պատերազմի հետեւանքները, ինչպես նաեւ Ուկրաինայում պատերազմը եւս խնդիրներ են առաջացրել պարենային անապահով ընտանիքների համար։ Վառելիքի, սերմերի, թունաքիմիկատների եւ պարարտանյութերի մատակարարումների խափանումները հանգեցրել են դրանց գների զգալի աճի:Այս համատեքստում Հայաստանի կառավարությունը հրատապ աջակցություն է խնդրել ՊԳԿ-ից՝ օժանդակելու բարձրորակ ցորենի սերմերի ներմուծմանը` ցորենի պաշարների պակասի ռիսկերը մեղմելու նպատակով: Ծրագրի նպատակն է արձագանքել այդ մարտահրավերին՝ առավել խոցելի փոքր ֆերմերային տնտեսություններին տրամադրելով բարձրորակ ցորենի սերմեր եւ ցորենի արտադրության մասին անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։Գեղարքունիքի, Շիրակի եւ Սյունիքի մարզերի ծրագրային շահառուներն ընտրվել են կարիքների մանրամասն գնահատման միջոցով: Ցորենի սորտերի եւ մթերման քանակի մանրամասն ցուցակներն ու բնութագրերը կազմվել են ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ: Tweet Դիտում՝ 5576