ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) փոխանցմամբ՝ 2022 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը նվազել է եւ ամսվա վերջին կազմել 9,1%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է ավելանալ՝ կազմելով 10,2%: «2022 թ․ 2-րդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ցածր տնտեսական աճի եւ բարձր գնաճի միտումները պահպանվում են: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն: Սա կարտահայտվի համաշխարհային ֆինանսական պայմանների խստացմամբ եւ կհանգեցնի գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության դանդաղման: Արդյունքում, միջազգային ապրանքահումքային շուկայում կդիտարկվի գների որոշակի նվազում, ինչը կնպաստի համաշխարհային գնաճային միջավայրի աստիճանական մեղմմանը: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա սպասվում է գնաճային ազդեցությունների թուլացում»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ 2022 թ․ 3-րդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում շարունակում է դիտարկվել բարձր ակտիվություն: Այն գերազանցապես դրսեւորվում է ծառայությունների եւ շինարարության ճյուղերում: Դրական զարգացումները պահպանվում են նաեւ արտահանման ոլորտում: «Տնտեսական բարձր աճին գերակշռում է պահանջարկի գործոնների ազդեցությունը: Վերջինս շարունակում է պայմանավորվել միջազգային այցելուների եւ դրամական փոխանցումների զգալի ներհոսքով: Բարձր պահանջարկը նպաստում է գնաճային միջավայրի ընդլայնմանը եւ բարձր գնաճային սպասումների պահպանմանը: Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: Հարաբերականորեն խստացող դրամավարկային քաղաքականությունը եւ ՀՀ դրամի արժեւորումը աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը եւ գնաճային սպասումների նվազեցմանը»,- հայտնել են ԿԲ-ից։ Նշվում է, որ ԿԲ Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում եւ չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: «Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի պարագայում 12-ամսյա գնաճը կնվազի եւ 2023 թ․ վերջից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: Որեւէ ուղղությամբ դրանց դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը»,- ասված է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 6456