ՌԴ-ն եւ Չինաստանը կարող են ընդլայնել հաշվարկներն ազգային արժույթներով

09.09.2022 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #Չինաստան #արժույթ
Ռուսաստանը եւ Չինաստանն արեւմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով կարող են շարունակել ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն՝ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը։  

Ինչպես նշել է Լի Չժանշուն, Արեւմուտքի պատժամիջոցները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, որոշ չափով բացասաբար են ազդում երկու երկրի միջեւ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության վրա։ Այս պայմաններում նա առաջարկել է դիտարկել, թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկել Մոսկվան եւ Պեկինը պատժամիջոցների հետեւանքներին արդյունավետ արձագանքելու համար։

«Նախ՝ մենք կարող ենք ներկայիս գործող համագործակցության մեխանիզմների միջոցով ամրապնդել համակարգումը եւ իրականացնել առկա ծրագրերը եւ հետագայում ընդլայնել հաշվարկները ազգային արժույթներով», - ասել է նա:  

«Երկրորդը՝ մենք կարող ենք ամբողջությամբ ներգրավել հյուսիսարեւելյան Չինաստանի եւ Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի միջտարածաշրջանային համագործակցության մեխանիզմները, Վոլգա-Յանցզի [ձևաչափով], ինչպես նաեւ հանրային հարթակները՝ ջանքերի կիրառման կետերն ընդլայնելու համար»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ այժմ չինական որոշ ընկերություններ դժվարությունների են բախվում Ռուսաստանում ֆինանսավորման եւ լոգիստիկայի հարցում։ «Սակայն այս պայմաններում չինական ընկերությունների մեծ մասը լավատեսորեն է տրամադրված ռուսական շուկայի ներուժի նկատմամբ, եւ մենք պետք է ամրապնդենք նրանց վստահությունը ներդրումների նկատմամբ», - ընդգծել է Լի Չժանշուն։ Նա հույս է հայտնել, որ ռուսական կողմը հաշվի կառնի չինացի ներդրողների մտահոգությունները եւ հակապատժամիջոցային միջոցներ կմշակի, ինչպես նաեւ կկարողանա չինական ընկերություններին հետագայում ավելի շատ նախապատվություններ տալ, մասնավորապես՝ վիզաների տրամադրման հարցում։   

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Լի Չժանշուն, միջազգային բարդ իրավիճակի եւ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի ճնշման պայմաններում Մոսկվայի եւ Պեկինի գործնական համագործակցությունը դրսեւորել է հսկայական ներքին ուժ։

«Մենք կտրականապես դեմ ենք Արեւմուտքի կողմից միակողմանի պատժամիջոցների չարաշահմանը, չինական կողմի համար անընդունելի են նաեւ պատժամիջոցների արտատարածքային կիրառումը եւ շանտաժը»,- ասել է նա։
Դիտում՝ 7948
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW