Եվրամիության մի քանի երկիր մտավախություն ունի, որ Մոսկվան կարող է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ռուսաստանյան գազի գնային շեմ մտցվի, եւ որպես հակազդեցություն՝ ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները: Այդ մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով Եվրամիության աղբյուրներին։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը:Թերթի տվյալներով՝ առնվազն 10 երկիր կողմ է բոլոր մատակարարների համար ընդհանուր սահմանափակումներին։ Կառավարությունները մտավախություն ունեն, որ միայն Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելը «կարող է զայրացնել Մոսկվային»։ Նման երկրների թվում առանձնանում են Հունաստանը, Իտալիան եւ Լեհաստանը։ Թերթի տվյալներով՝ միայն ռուսաստանյան գազի գնային շեմի ներդրումը կպահանջի միության անդամ բոլոր 27 երկրի հավանությունը։ Հունգարիան, Ավստրիան եւ Նիդեռլանդները դեմ են ցանկացած սահմանափակման։ «Անկեղծ ասած, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, պատասխան միջոցներ կձեռնարկի», - հրատարակությանը ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի էներգետիկայի գլխավոր խորհրդական Նիկոս Ցաֆոսը:Իտալիայի էկոլոգիական արդիականացման եւ փոխակերպման նախարար Ռոբերտո Չինգոլանին նույնպես հանդես է եկել ընդհանուր սահմանափակումների օգտին եւ կոչ արել «խելամիտ գին» սահմանել։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, թերթին ասել է, որ մատակարարումների կրճատման դեպքում «բոլորը վախենում են դոմինոյի էֆեկտից», քանի որ միության երկրները սերտորեն կապված են: «Եթե սահմանափակել գները միայն ռուսաստանյան գազի համար, դա ոչ մի կերպ չի ազդի մյուս մատակարարների վրա, իսկ Ռուսաստանը կբարկանա: Ինչ կասի ընտրողներին, օրինակ, Պորտուգալիան, որը ռուսական գազ չի ներկրում»,- ասել է թերթի զրուցակիցը։ Գազի գնային շեմի ջատագովներն առաջարկում են գներ սահմանել Ասիայում եւ ԱՄՆ-ում գործող գներից ավելի բարձր, որպեսզի միջազգային մատակարարները խթան ունենան Եվրոպա մատակարարելու:Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չորեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ որոշել է Եվրամիության Էներգետիկական խորհրդին առաջարկել՝ սահմանել ռուսական գազի գնի սահմանափակում։ 02.09.2022 | 16:17 ԵՀ ղեկավար. ՌԴ գազի նկատմամբ կարող է գնային շեմ սահմանվել Tweet Դիտում՝ 7256