Համաշխարհային տնտեսական միտումներն ու «խելացի քաղաք»-ը` «Ամբերդ»-ի նոր համարում

02.09.2022 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #«Ամբերդ»
Հրապարակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2022թ. երրորդ համարը, որտեղ տեղ են գտել համակողմանի վերլուծություններ ինչպես հայաստանյան, այնպես էլ համաշխարհային տնտեսության, գնաճի, կրթության մեթոդաբանության, քաղաքաշինության եւ այլ թեմաներով:  

Տեղեկագրի առաջին հոդվածում անդրադարձ է կատարվում վերջին տասնամյակում  ՀՀ տնտեսության ամենաբարձր աճի տեմպ ունեցող «մշակույթի, զվարճությունների եւ հանգստի» ճյուղին։ Տնտեսագիտության թեկնածու, հոդվածի հեղինակ Նարեկ Կարապետյանն ընդգծում է, որ, ըստ էության, այս անվանման տակ «թաքնված» է խաղային ոլորտը։

«Ի՞նչ է սպասվում համաշխարհային տնտեսությանը. զարգացման միտումները» հոդվածում անդրադարձ է կատարվում համաշխարհային տնտեսության զարգացման հնարավոր միտումներին՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։ Հոդվածի հեղինակ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վահե Բուլանիկյանը եզրակացնում է, որ ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմը վերջ կդնի համաշխարհային տնտեսության գլոբալացման միտումներին, որոնք գերակայում էին վերջին երեսուն տարիներին, եւ կխթանի հովանավորչական քաղաքականության նոր ալիքի առաջացումը։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում արձանագրվել է համաշխարհային ծնելիության մակարդակի նվազման միտում: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մանուկ Մովսիսյանը եւ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Կարապետյանն ուսումնասիրել են ՀՀ-ում եւ մի շարք երկրներում պետության կողմից ծնելիության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաեւ ծնելիության մակարդակի վրա դրանց ունեցած ազդեցությունները։

Քաղաքային բնակավայրերում բնակչության թվի ավելացումը առաջ է բերում բազում հիմնախնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է «խելացի քաղաք» հայեցակարգի ներդրմամբ։ Այս հայեցակարգն արդեն իսկ կիրառվում է աշխարհի մի շարք քաղաքներում։ ՀՊՏՀ ասպիրանտ Արաքսյա Բարսեղյանն անդրադարձել է «խելացի քաղաք» հայեցակարգի օգուտներին, ինչպես նաեւ դրա առաջ բերած բացասական հետեւանքներին։

Երեւանի զարգացման 2019-2023 թթ. հնգամյա ծրագրի երեք եւ կես տարին դարձել է պատմություն, հետեւապես, փաստացի արդյունքների հիման վրա կարելի է կատարել կատարողականի աստիճանի իրավիճակային վերլուծություն։ Տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանն ընդգծում է, որ ցուցանիշների համեմատականը վկայում է քաղաքաշինության ու ճարտարապետության կարեւորագույն ոլորտում խոստումների գերակշիռ մասը թերակատարելու եւ չիրականացնելու մասին։

Տալինի համալսարանի պրոֆեսոր Մաթի Հեյդմեթսը եւ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Մխիթարյանը ուսումնասիրել են հայերի եւ էստոնացիների մտածելակերպի ու վարքագծի տարբերությունները։

Հիբրիդային պատերազմը թշնամական գործողությունների տեսակ է, որի դեպքում հարձակվող կողմը չի դիմում ռազմական ներխուժման դասական եղանակին, այլ օգտագործում է հակառակորդին ճնշելու տարբեր ձեւերի համադրություններ` քողարկված գործողություններ, դիվերսիաներ, կիբեռհարձակումներ, տեղեկատվական ներգործություն եւ այլն: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոֆյա Օհանյանն իր հոդվածում ներկայացնում է հիբրիդային գործողություններին դիմադրելու համալիր մոդելի ձեւավորման հնարավորությունները։

Տեղեկագիրն ամբողջությամբ կարող եք ընթերցել համարի առցանց տարբերակում։
Դիտում՝ 3631
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai