Շուրջ 5700 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում

01.09.2022 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավանդ #փոխհատուցում
2022 թ․ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում շուրջ 5700 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում․ այդ նպատակով վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով 2022 թվականի համար ՀՀ պետական բյուջեով հատկացված է 1,5 մլրդ դրամ, որը տրամադրվելու է շուրջ 8000 քաղաքացու։

Այս տարի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցման ծրագրից օգտվում են նաեւ մինչեւ 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք։ Վերջինները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

Հաշվառման նպատակով քաղաքացին կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն եւ ներկայացնել`

•    անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,

•    ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ),

•    ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում),

•    տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝  ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,

•    ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։
      
Ավանդի փոխհատուցման իրավունք ունեն՝

•    մինչեւ 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

•    ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

•    սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

•    ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

 
Դիտում՝ 2542
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW