Moody's-ը նվազեցրել է G20 երկրների աճի կանխատեսումները 2022-2023թթ. համար

01.09.2022 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #G20 #կանխատեսում
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է G20 երկրների տնտեսական աճի կանխատեսումները 2022 եւ 2023 թվականների համար՝ նշելով այս տարվա սկզբից մի շարք խոշոր երկրների հեռանկարների զգալի վատթարացում, հայտնում է Finmarket.ru-ն։

Moody's-ի նոր կանխատեսումների համաձայն՝ G20 երկրների ՀՆԱ-ն այս տարի կաճի 2,5%-ով, ոչ թե՝ 3,1%-ով, ինչպես սպասվում էր մայիսին։ 2023 թվականի աճի կանխատեսումը 2,9%-ից իջեցվել է մինչեւ 2,1%։
 
«Համաշխարհային տնտեսության հեռանկարները շարունակում են վատթարանալ, հատկապես, երբ ֆինանսական պայմանները խստանում են կենտրոնական բանկերի գործողությունների հետեւանքով, որոնք փորձում են զսպել գնաճը»,- ասվում է Moody's-ի կանխատեսումներում:
 
Թեեւ տնտեսական հեռանկարը «միանշանակ բացասական է», գործակալության փորձագետները նշում են, որ իրավիճակի կայունացման ազդանշաններ կան «2022 թվականի անհանգիստ առաջին կիսամյակից հետո, երբ մակրոտնտեսական անբարենպաստ անակնկալներն ուղեկցվել են ֆինանսական շուկաներում կտրուկ անկայունությամբ»:

Աշխարհում դրամավարկային եւ ֆինանսական պայմանները կսահմանափակեն տնտեսական ակտիվությունը մինչեւ 2023 թվականի վերջ, հայտնում է Moody's-ը։

«Նույնիսկ եթե հիմնական գնաճը թուլանա ԱՄՆ-ում, Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ), դժվար թե, կարողանա ժամանակից շուտ մեղմել ֆինանսական պայմանները: Մյուս խոշոր կենտրոնական բանկերի դեպքում գնաճի նկատմամբ բարձր ռիսկերի պահպանումը կպահանջի վարել բավականին կոշտ դրամավարկային քաղաքականություն»,- ասվում է հրապարակման մեջ:

«Ռուս-ուկրաինական հակամարտությունն ընդհանուր մակրոտնտեսական պատկերի կենտրոնական թեման է։ Թեեւ Ուկրաինայի սահմաններից դուրս հակամարտության տարածման շատ ցածր հնարավորություն ենք տեսնում, նման իրադարձությունը կնշանակի զգալի էսկալացիա։ Բացի այդ, էներգետիկ շոկի վտանգը մնում է բարձր»,- նշում է Moody's-ը:

G20-ի զարգացած երկրների ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2022 թվականին 2,6%-ից իջեցվել է մինչեւ 2,1%, զարգացող շուկաների համար՝ 3,8%-ից իջեցվել է 3,3%:

Moody's-ը նվազեցրել է Չինաստանի ընթացիկ տարվա տնտեսության աճի իր կանխատեսումը 4,5%-ից մինչեւ 3,5%, հաջորդ տարի՝ 4,8%՝ 5,3%-ից:

ԱՄՆ-ի տնտեսությունը 2022 թվականին, ինչպես ակնկալվում է, կբարձրանա 1,9%-ով, իսկ 2023-ին՝ 1,3%-ով (նախկին կանխատեսումներով՝ 2,8% եւ 2,3%), Եվրոգոտու տնտեսությունը՝ 2,5%-ով եւ 0,3%-ով (նախկինում՝ 2,5% եւ 2,3%)։ Գերմանիայի ՀՆԱ-ն այս տարի կաճի ընդամենը 1,4%-ով, իսկ հաջորդ տարի կնվազի 0,4%-ով, կանխատեսում է Moody's-ը։
 
Գործակալությունն ակնկալում է, որ այս եւ հաջորդ տարի Ճապոնիայի տնտեսությունը համապատասխանաբար կաճի 1,8%-ով եւ 1,3%-ով, Մեծ Բրիտանիայի տնտեսությունը` 3%-ով եւ 0,9%-ով, Հնդկաստանինը` 7,7%-ով եւ 5,2%-ով, Բրազիլիայի տնտեսությունը` 1,7%-ով եւ 0,7%-ով, Թուրքիայինը՝ 4,5%-ով եւ 2%-ով:

Ռուսաստանի տնտեսությունը, ըստ Moody's-ի կանխատեսումների, այս տարի կնվազի 7%-ով, իսկ հաջորդ տարի՝ 3%-ով։ Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները մայիսի համեմատ չեն փոխվել։
Դիտում՝ 7066
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW