Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հուլիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 13%-ով, սակայն 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ երկու երկրների միջեւ առեւտուրն աճել է 78%-ով։ Այդ մասին գրում է РБК-ն։ 2022 թվականի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են եւ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան դրամային արտահայտությամբ, եւ թուրքական ներմուծումը Ռուսաստանից: Այս մասին վկայում են Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալները: Սակայն երկու երկրների առեւտուրը 2021 թվականի մակարդակների համեմատ զգալի աճ է արձանագրել։ Ռուս-թուրքական առեւտուրը գագաթնակետին է հասել հունիսին՝ Ռուսաստանի դեմ արեւմտյան կոշտ պատժամիջոցների ֆոնին: Հունիսին թուրքական ապրանքների արտահանումը Ռուսաստան կազմել է $790 միլիոն, Ռուսաստանից Թուրքիա ներմուծումն աճել է մինչեւ $5,1 միլիարդ՝ ռուսական ածխաջրածինների գնումների ավելացման եւ նավթի գների աճի պատճառով։ Հուլիսի արդյունքներով թուրքական ապրանքների արտահանումը Ռուսաստան կրճատվել է մինչեւ $731 միլիոն, իսկ Ռուսաստանից ներմուծումը`մինչեւ $4,37 միլիարդ: Այդուհանդերձ, 2021 թվականի հուլիսի համեմատ արտահանումն աճել է 75%-ով, իսկ ներմուծումն աճել է 78%-ով: Tweet Դիտում՝ 8847