Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հարկային տարվա ավարտից հետո ուսումնասիրում ու վերլուծում է հարկ վճարողների ներկայացրած տարեկան շահութահարկի յուրաքանչյուր հաշվարկ եւ հայտարարագրված ցանկացած տվյալ: ՊԵԿ-ից հայտնել են, որ շահութահարկի հաշվարկների վերլուծություններում առավել շատ հանդիպող ռիսկերը վերաբերում են ծախսերի ուռճացման եւ եկամուտների թերհայտարարագրման դեպքերին: «Ամենօրյա մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված ռիսկերի մասին ՊԵԿ հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչությունն անմիջապես ծանուցում է տնտեսվարողներին: Արդյունքում հարկ վճարողները ներկայացնում են հիմնավորումներ կամ ճշտված հաշվարկներ՝ զերծ մնալով ՀՀ օրենսդրությամբ սահմանված տուգանքներից եւ տույժերից կիրառումից: 2021թ.-ի համար ներկայացված շահութահարկի հաշվարկների մասով, բացառապես կամերալ արձանագրությունների արդյունքում, ծանուցվել է 2237 հարկ վճարող: Նրանցից շուրջ 500-ը իրացման շրջանառություն հայտարարագրելու պայմաններում չի ներկայացրել շահութահարկի հաշվարկները, իսկ ներկայացված ճշտված հաշվարկների արդյունքում շուրջ 800 դեպքով հայտարարագրվել է 6,1 մլրդ դրամ շահութահարկ, համախառն եկամուտն ավելացել է 11,9 մլրդ դրամով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2142