Աշխատավարձի՝ մինչեւ 2 միլիոն դրամի փոխհատուցման պետական ծրագիր

12.08.2022 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի ներդրումային խորհուրդ
Օգոստոսի 4-ին ընդունվել է ՀՀ կառավարության 2020թ․ մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը մշակվել է համատեղ Հայաստանի ներդրումային խորհրդի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ինչպես Banks.am-ին հայտնել են Հայաստանի ներդրումային խորհրդում, նախագիծը ներառում է մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել գործող ընկերությունների արտադրողականությունը երկու հիմնական միջոցներով՝ աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների եւ խթանել գիտահետազոտական գործունեությունը։

Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում

Ով կարող է դիմել․ աջակցություն ստանալու համար կարող են դիմել առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնք դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ)։ ԲՈՈՒՄ է համարվում այն մասնագետը, ով ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանից դուրս եւ բավարարում է հետեւյալ պայմաններից գոնե մեկին՝

- ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի առաջատար 400 բուհերից որեւէ մեկը եւ ստացել է բակալավրի, մագիստրոսի եւ/կամ դոկտորի որակավորում/աստիճան,

կամ

- ունի նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia ինդեքսներում ներառված աշխարհում առաջատար ընկերություններից որեւէ մեկում:

Աջակցության չափը․

- Բակալավրի, մագիստրոսի կոչում ունեցող կամ առաջատար արտասահմանյան ընկերություններից որեւէ մեկում առնվազն 10 տարվա փորձ ունեցող ԲՈՈՒՄ-երի ներգրավման դեպքում կազմակերպությանը կփոխհատուցվի վճարված աշխատավարձի 20%-ը, սակայն ոչ ավելի քան ամսական 1 000 000 ՀՀ դրամ:

- QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի առաջատար 400 բուհերից որեւէ մեկից դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երի ներգրավման դեպքում կազմակերպությանը կփոխհատուցվի վճարված աշխատավարձերի 50%-ը, սակայն ոչ ավելի քան ամսական 1 500 000 ՀՀ դրամը,

- QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի առաջատար 400 բուհերից որեւէ մեկից դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երի ՀՀ բուհերում դասավանդելու դեպքում համալսարանին կփոխհատուցվի աշխատավարձի 70%-ը, սակայն ոչ ավելի քան գումարային ամսական 2 000 000 ՀՀ դրամը:

Փոխհատուցման կարգը․ փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմումներում նշված բանկային հաշիվներին` մինչեւ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում: Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամսվա համար։  Աջակցությունը տրամադրվում է այն պայմանով, որ աջակցության համար դիմելուն նախորդող առնվազն 2 ամսվա (անընդմեջ) ընթացքում ԲՈՈՒՄ-ը հանդիսացել է տվյալ տնտեսավարողի աշխատակից:

Հարցերի դեպքում կարող եք գրել Հայաստանի ներդրումային խորհրդի հանրային կապերի եւ հաղորդակցության բաժին՝ soghomonyan@icarmenia.am:
Դիտում՝ 7865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW