Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) եւ “Հայէկոնոմբանկն” այսօր Երեւանում բացել են հաճախորդների զանգերի սպասարկման## միջազգային համատեղ կենտրոն (call-center):Ինչպես բացման արարողությանն ասել է “Հայէկոնոմբանկի” վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը, “սա ծառայությունների ոլորտում պատմական պահ է, երբ բանկն իր տեղեկատվական ծառայությունները վստահում է հեռահաղորդակցություների ոլորտի արհեստավարժին` Beeline օպերատորին”: Նրա խոսքերով, Հայաստանի բանկային համակարգի համար այս աննախադեպ նախաձեռնությունն ուղղված է բանկի եւ հաճախորդների միջեւ ավելի սերտ հարաբերությունների ստեղծմանը: “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը հույս է հայտնել, որ “Հայէկոնոմբանկի” հետ համագործակցության փորձը հաջող կլինի եւ կօգնի ոչ միայն բարելավել սպասարկման որակը, այլեւ մեծացնել հետադարձ կապի արդյունավետությունը, ինչպես նաեւ թույլ կտա ավելի լավ ճանաչել հաճախորդներին ու նրանց պահանջները: “ԱրմենՏելի” հաճախորդների սպասարկման ծառայության պետ Բուրաստան Մովսիսյանն ասել է, որ զանգերի սպասարկման կենտրոնում կիրառվում է AVVAYA տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հարցումները դասակարգել ըստ թեմաների եւ դրանց հետ ավելի արդյունավետորեն աշխատել: Տեխնոլոգիան թույլ է տալիս օգտվել ինչպես օպերատորների ծառայություններից, այնպես էլ սպասարկման ավտոմատացված կենտրոնից` հաճախորդի ընտրությամբ: 2009 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում է ընդլայնել կենտրոնի ծառայությունների շրջանակը, եւ բանկի հաճախորդներին տեղեկատվություն տրամադրել հաշիվների մասին, կատարել դրամական փոխանցումներ եւ վճարումներ, ասել է Դավիթ Սուքիասյանը: “Հայէկոնոմբանկի” նախագահը տեղեկացրել է, որ ամեն օր 8686 կարճ համարի միջոցով սպասարկվում են բանկի հաճախորդների ավելի քան 300 զանգեր: Նրա խոսքերով, “ԱրմենՏելն” անցկացնելու է զանգերի թեմատիկ մոնիտորինգ, ինչը թույլ կտա մեծացնել համակարգի արդյունավետությունը: Tweet Դիտում՝ 6230