Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը» եւ IDBank-ը համատեղում են ջանքերը․ այսուհետ անվարձահատույց արյուն հանձնելիս դոնորներին հաճելի անակնկալ է սպասվում․ նրանք կստանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի 2 հրավիրատոմս։Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխտնօրեն Աշխեն Բեգլարյանի խոսքով՝ նվագախմբի առաքելություններից է հասարակության մեջ բարձր արժեքների տարածումը։ Նվագախումբը դա անում է երաժշտության միջոցով՝ տարբեր բարեգործական եւ այլ ակցիաներ կազմակերպելով ու դրանց մասնակից դառնալով։ «IDBank-ի եւ Արյունաբանական կենտրոնի հետ համագործակցաբար իրականացվող կամավոր արյունատվական այս ակցիայի նպատակն է նպաստել անվարձահատույց դոնորների թվի ավելացմանը, հասարակության մեջ խթանել արյան դոնորությունը։ Նվագախումբն ու IDBank-ը նաեւ փոքրիկ խրախուսում են պատրաստել կամավոր դոնորների համար՝ իր համերգների հրավիրատոմսերի տեսքով։ Մենք հուսով ենք, որ այսօր մեկնարկած ակցիան կլինի վարակիչ՝ ներգրավելով նորանոր կամավոր դոնորների»,- ասել է Աշխեն Բեգլարյանը։IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ մասնագետների պնդմամբ մեր երկրում արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն, եւ այս ակցիան նպաստում է կամավոր արյունատվությունը խթանելուն։ «Մի կողմից խթանում ենք արյուն հանձնելը, ինչի կարիքը հիվանդները մշտապես ունեն, իսկ ոչ վաղ անցյալում, ցավոք, համոզվեցինք արյան պաշարների կրիտիկական անհրաժեշտության մեջ, մյուս կողմից՝ ապահովում ենք դոնորների հաճելի ժամանցը բարձրաճաշակ երաժշտության ներքո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վիրտուոզ կատարմամբ։ Իհարկե, վստահ եմ՝ միայն իմանալով, որ արյան կարիք կա, մեր հայրենակիցները կշտապեն արյուն հանձնելու, ինչպես այսօր դա անում են IDBank-ի եւ Իդրամի աշխատակիցները, սակայն, ամեն դեպքում, կարծում եմ, որ նրանց համար հաճելի կլինի հրավիրատոմսեր ստանալ։ Ի դեպ, որպես այս միջոցառման բացում՝ որոշեցինք հրավիրատոմսեր տրամադրել նաեւ մեր աշխատակիցներին․ միասին վայելեցինք «Սիմֆոնիկ Մանսուրյան» հրաշալի երեկոն»,- ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։«Առողջապահության, բժշկության մեջ արյան պաշարները գնալով նվազում են, իսկ պահանջարկը՝ ավելանում։ Այսօրվա միջոցառումը, որ Սիմֆոնիկ նվագախմբի եւ IDBank-ի նախաձեռնությամբ է, լրացուցիչ անգամ հասարակությանը տեղեկացնում է, որ արյունատվությունը չափազանց կարեւոր է եւ պետք է ամենօրյա բնույթ կրի։ Արյան կարիք կա բոլոր հիվանդանոցներում, որոնք ունեն վիրաբուժական, քիմիաթերապեւտիկ, ծննդաբերական բաժանմունքներ, եւ այդ պահանջարկն ապահովելու համար, պետք է ապահովել դոնորների հոսքը»,- նշել է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» տնօրեն Սամվել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով դոնորներին, որոնք համալրում են արյան պաշարները։Արյուն հանձնելու համար անհրաժեշտ պայմաններին ծանոթանալու համար այցելեք այս հղումով։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 21683