Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) խոշորագույն քաղաքի իշխանությունները հայտարարել են «Դուբայի մետատիեզերք» նախագծի մեկնարկի մասին, որով նախատեսված է հինգ տարում ստեղծել 40 000 լրացուցիչ վիրտուալ աշխատատեղ եւ բյուջե բերել $4 միլիարդ, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:«Այսօր մենք գործարկեցինք «Դուբայի մետատիեզերք» ռազմավարությունը, որի նպատակն է խրախուսել նոր տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունը»,- Twitter-ում նշել է թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամեդը: Նա տեղեկացրել է, որ Դուբայում արդեն կա ավելի քան 1000 ընկերություն, որոնք գործում են մետատիեզերքի եւ բլոկչեյնի ոլորտում՝ ազգային տնտեսության մեջ ներդնելով $500 միլիոն: Ռազմավարության նպատակն է հինգ տարում հինգ անգամ ավելացնել բլոկչեյն ընկերությունների թիվը Դուբայում: Կառավարությունը ձգտում է օգտատերերի համար մշակել անվտանգ եւ վստահելի հարթակների գլոբալ ստանդարտներ, ինչպես նաեւ ստեղծել ենթակառուցվածք ու կանոններ՝ արագացնելու այդ տեխնոլոգիաների ներդնումը, հաղորդել է տեղական WAM պետական լրատվական գործակալությունը:«Ռազմավարությունը շեշտադրում է տաղանդների զարգացումը եւ ներդրումներն ապագա հնարավորություններում՝ անհրաժեշտ աջակցություն տրամադրելով մետատիեզերքի համայնքում մշակողներին, բովանդակություն ստեղծողներին եւ թվային հարթակների օգտագործողներին ուսուցանելու համար»,- մեջբերում է Bloomberg գործակալության հաղորդագրությունը:Քաղաքի խոշորագույն ընկերություններն արդեն միանում են «Դուբայի մետատիեզերք»-ին։ Emirates ավիաընկերությունը հայտարարել է, որ ընդլայնելու է այս տեխնոլոգիայի օգտագործումը, անշարժ գույքի ոլորտում գործող Damac Group-ը հայտնել է թվային քաղաքներ կառուցելու ծրագրերի մասին, իսկ Thumbay բժշկական ընկերությունը խոստացել է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում վիրտուալ խորհրդատվությունների համար մետատիեզերքում հիվանդանոց գործարկել:Միաժամանակ, Դուբայի իշխանությունները փորձում են ներգրավել կրիպտոարժութային ընկերությունների ամբողջ աշխարհից: Նրանցից ոմանք, այդ թվում՝ Binance-ը եւ FTX-ը, արդեն ստացել են քաղաքում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ արտոնագրերը։Henley & Partners խորհրդատվական ընկերությունը կանխատեսում է, որ ԱՄԷ-ն այս տարի կարող է ձգողականության կենտրոն դառնալ հարուստ արտագաղթողների համար: Նրանց կանխատեսմամբ՝ մինչեւ տարեվերջ Էմիրություններ կտեղափոխվի ռեկորդային թվով՝ 4000 միլիոնատեր, ինչը 208%-ով ավելի է, քան 2019 թվականին (1300 մարդ)։ Ըստ Henley & Partners-ի կանխատեսումների՝ այս տարի Ռուսաստանը կլքի 15 000 միլիոնատեր։ Tweet Դիտում՝ 7330