Մինչեւ 2022 թվականի ավարտը 15 հազար դոլարային միլիոնատերեր կարող են լքել Ռուսաստանը, ասված է լոնդոնյան Henley & Partners միգրացիայի հարցերով խորհրդատվական ընկերության կանխատեսման մեջ, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը:Ընկերության գնահատմամբ՝ Ռուսաստանը կարող է լքել $1 միլիոն եւ ավելի կապիտալ ունեցող բնակիչների 15%-ը: 2022 թվականին արտագաղթողների հոսքը 9500-ով ավելի շատ կլինի, քան 2019 նախահամավարակային տարում, ակնկալում են վերլուծաբանները:«Վերջին տասը տարվա ընթացքում Ռուսաստանից արտագաղթող մեծահարուստների թիվը տարեցտարի անշեղորեն աճել է։ Դա երկրի առջեւ ծառացած ընթացիկ խնդիրների վաղ նախազգուշացում է դարձել: Պատմականորեն երկրներում խոշոր կոլապսներին սովորաբար նախորդել է մեծահարուստների սրընթաց հեռանալը»,- The Guardian-ին ասել է New World Wealth-ի հետազոտությունների բաժնի ղեկավար Էնդրյու Ամոիլսը, ով տվյալներ է պատրաստել Henley & Partners-ի համար: ՌԴ ռազմական հատուկ գործողության պատճառով մինչեւ տարեվերջ 2800 միլիոնատեր կարող է լքել Ուկրաինան, ինչը կլինի պատմության մեջ հարուստ բնակիչների ամենամեծ արտահոսքը երկրից, ասված է Henley & Partners-ի զեկույցում։ Ընկերության կանխատեսումների համաձայն՝ Ուկրաինան կլքի միլիոնատերերի 42%-ը, մինչդեռ 2019 թվականին երկրից հեռացել է ընդամենը 400 հարուստ քաղաքացի։ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան միշտ եղել են հարուստ արտագաղթողների համար պահանջված ուղղություններ, սակայն այս տարի դրանց տեղը կարող է զբաղեցնել Արաբական Միացյալ Էմիրությունները, նշել են վերլուծաբանները: Նրանց կանխատեսմամբ՝ մինչեւ տարեվերջ այս երկիր կտեղափոխվի ռեկորդային թվով միլիոնատեր՝ 4000 մարդ, ինչը 208%-ով ավելի է, քան 2019 թվականին (1300 մարդ)։Հարուստ արտագաղթողների համար գրավչության առումով երկրորդ տեղում Ավստրալիան է, որը մինչեւ 2022 թվականի ավարտը կարող է ընդունել 3500 միլիոնատերերի։ Երրորդ տեղում Սինգապուրն է (2800 մարդ), չորրորդում՝ Իսրայելը (2500 մարդ)։ Տասնյակում ընդգրկվել են նաեւ Շվեյցարիան, ԱՄՆ-ը, Պորտուգալիան, Հունաստանը, Կանադան եւ Նոր Զելանդիան։Ընդհանուր առմամբ, մինչեւ տարեվերջ 88 000 միլիոնատեր կտեղափոխվի այլ երկիր, ինչը 22 000-ով պակաս է 2019 թվականի համեմատ, տեղեկացրել է Henley & Partners-ի գործադիր տնօրեն Յուրգ Շտեֆենը։ «Կանխատեսվում է, որ հաջորդ տարի (2023-ին) կլինի միլիոնատերերի՝ պատմության մեջ ամենամեծ միգրացիոն հոսքը՝ 125 000 մարդ, քանի որ հարուստ ներդրողները եւ նրանց ընտանիքները լրջորեն պատրաստվում են COVID-19-ից հետո նոր աշխարհակարգին»,- նշել է նա: Tweet Դիտում՝ 7450