Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” գոհ է “ԻՄԷՔՍ Գրուպ” ընկերության 1 մլրդ դրամի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի## տեղաբաշխման արդյունքներից, որն ավարտվել է հոկետմբերի 15-ին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում “Ամերիաբանկի” եւ “ԻՄԷՔՍ Գրուպի” համատեղ մամլո ասուլիսում ասել է “Ամերիաբանկի” զարգացման դեպարտամենտի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: “Ամերիաբանկի” ներդրումային բանկային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Շինկեւիչն ասել է, որ տեղաբաշխման ընթացքում ավելի քան 40 ներդրողների հայտեր են բավարարվել, որոնց թվում եղել են ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Նա շեշտել է ինստիտուցիոնալ ներդրողների ակտիվությունը` ի դեմս ապահովագրական եւ ներդրումային ընկերությունների, ինչպես նաեւ տեղաբաշխման լավ արդյունքները` չնայած միջազգային ֆինանասական շուկաներում տիրող ճգնաժամային իրավիճակի: Անդրեյ Շինկեւիչը հիշեցրել է, որ բանկը տեղաբաշխման ընթացքում կիրառել է շուկայական մեխանիզմ, որի պայմաններում ներդրողները ցանկալի եկամտաբերության հայտեր են ներկայացրել` նշելով, որ եկամտաբերության շրջանակը, ըստ որոնց ներդրողները հայտեր են ներկայացրել, կազմել է 11-11,5%: “ԻՄԷՔՍ Գրուպ” ՍՊԸ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը շնորհակալություն է հայտնել ներդրողներին ընկերության նկատմամբ վստահության համար, ինչի արդյունքն է եղել 100-տոկոսանոց տեղաբաշխումը: “Ընկերությունը հետագայում եւս նոր հետաքրքիր քայլեր է կատարելու Հայաստանի ֆոնդային շուկայում”,- ասել է Տիգրան Գալստյանը: “Ամերիաբանկի” առեւտրային գործառնությունների գծով տնօրեն Սերգեյ Շեւչենկոն հայտնել է, որ ներկայումս պարտատոմսերը գտնվում են Հայաստանի ֆոնդային բորսայում գրանցվելու փուլում եւ գնանշում կանցնեն 5 օրվա ընթացքում: Նրա խոսքերով, պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով արժեթղթերի առքի եւ վաճառքի գնի տարբերությունը կկազմի մոտ 0.5%, ինչը թույլ կտա ներդրողներին յուրաքանչյուր պահի վաճառել պարտատոմսերը: Ընկերության պարտատոմսերի բաց բաժանորդագրությունը սկսվել էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին եւ շարունակվել մինչեւ հոկտեմբների 10-ը, իսկ տեղաբաշխումը կայացել է հոկտեմբերի 13-15-ը: Tweet Դիտում՝ 6207