ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը (SEC) Citigroup-ից պահանջել է տրամադրել «ընդլայնված» տեղեկատվություն այն մասին, թե իր բիզնեսի որ ուղղությունները պետք է գնահատվեն ուկրաինական իրադարձությունների հետեւանքով հնարավոր արժեզրկման առումով:Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով կազմակերպությունների նամակագրությունը։ SEC-ը նաեւ պահանջել է տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք կարող են խանգարել վաճառել Citibank-ը Ռուսաստանում, ինչպես նաեւ բացահայտել այլ նյութական ռիսկերը:Մայիսին SEC-ը նմանատիպ նամակներ է ուղարկել այլ հաստատություններին՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով բիզնեսի վրա ազդեցության գնահատման մասին տեղեկատվության հավաքագրման ավելի լայն արշավի շրջանակում:Պարբերականի աղբյուրի համաձայն՝ SEC-ը հաճախ է լրացուցիչ տեղեկատվություն պահանջում իր կողմից վերահսկվող ընկերությունների կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ։ Սովորաբար կազմակերպությունը 10 օր ունի նման հարցումներին պատասխանելու համար, որից հետո նամակագրությունը հասանելի է դառնում հանրությանը:Մասնավորապես, SEC-ը պահանջել է ավելի մանրամասն ներկայացնել Citi-ի ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքերը եւ խնդրել է վերանայել իր հաշվետվությունների բացահայտման ձեւը՝ հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:SEC-ին ուղղված իր պատասխանում Citi-ն նշել է, որ առաջին եռամսյակում Ռուսաստանում իր երկարաժամկետ ակտիվներից եւ ոչ մեկը չի արժեզրկվել: Բանկը նաեւ հայտնել է, որ «վերանայել է» իր ֆինանսական հաշվետվությունները՝ ավելի մանրամասն բացահայտելու որոշ ներդրումները: Սակայն այդ փոփոխությունները չեն ազդում զուտ դրամական հոսքի վրա, որի մասին խումբն ավելի վաղ հայտնել էր:Դեռեւս 2020 թվականին SEC-ն իր դժգոհությունն էր հայտնել Citi-ին այն կապակցությամբ, որ խումբը չէր կարողացել իր հաշվետվություններում վերացնել «նախկինից եկած» եւ «լայն տարածում գտած» գործառնական անճշտությունները բիզնեսի տարբեր ուղղությունների վերաբերյալ։ Ստուգումների արդյունքում խումբը նույնիսկ $400 միլիոնի տուգանք էր վճարել։Citi-ն դեռեւս անցած տարի էր հայտարարել Ռուսաստանում իր բիզնեսը վաճառելու ցանկության մասին: Բանկը մի քանի տարի մտադիր էր դուրս գալ մանրածախ բիզնեսից: Սակայն մարտի կեսին՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից եւ դրան հաջորդած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո, խումբը որոշեց սահմանափակել երկրում նաեւ բիզնեսի այլ ուղղությունները։ Այնուամենայնիվ, Citi-ն առայժմ մնում է Ռուսաստանում։Վերջերս հայտնի դարձավ, որ Citigroup-ը քննարկում է իր սպառողական եւ առեւտրային բիզնեսը ռուսաստանյան մասնավոր ընկերություններին վաճառելու հնարավորությունը։ Ըստ Financial Times աղբյուրների՝ խումբը ներկայում բանակցություններ է վարում «Էքսպոբանկ»-ի եւ «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության հետ։ Tweet Դիտում՝ 5029