Հայաստանը եւ Վրաստանը սերտացնում են կապերը հարկային եւ մաքսային ոլորտներում

11.07.2022 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռուստամ Բադասյան #Լեւան Կակավա
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության կազմում, հուլիսի 7-ից 8-ն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Վրաստանում:

Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, ինչպես նաեւ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավայի հետ:

Վրաստանի ֆինանսների նախարարի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության նպատակով ռիսկերի գնահատման էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաեւ այդ համակարգերում ինքնաուսուցանվող (machine-learning) կամ արհեստական ինտելեկտով (artificial intelligence) գործիքների կիրառման փորձը:

Անդրադարձ է կատարվել նաեւ բյուջետային գործընթացի կառավարմանը, դրա ընթացքում քաղաքացիների մասնակցությանը, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային բարեփոխումներին, այդ թվում՝ Վրաստանի հարկման համակարգերի առանձնահատկություններին: Վրացի գործընկերները ներկայացրել են հարկային ճեղքի ոլորտային գնահատման գործում եւ հարկային կամ մաքսային ծառայության կողմից հարկ վճարողներին մատուցվող ծառայություններից գոհունակության գնահատման հետ կապված իրենց փորձը:

ՀՀ ՊԵԿ նախագահը գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավայի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Ընդգծվել է, որ  հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաեւ միջազգային հարթակներում:

Կողմերն անդրադարձել են ապրանքների բացթողումից հետո իրականացվող հսկողության շրջանակում կիրառվող ռիսկերի կառավարման համակարգի առանձնահատկություններին։ Քննարկվել է նաեւ ապրանքների բացթողումից հետո հսկողություն իրականացնող ստորաբաժանումների պաշտոնատար անձանց միջեւ ուղիղ հաղորդակցության, տեղեկությունների՝ օպերատիվ կարգով փոխանակման ընթացակարգի հաստատման հարցը։

Դիտարկվել են ըստ ռիսկայնության մակարդակի՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց դասակարգման, օրինապահ տնտեսվարողների համար կիրառվող պարզեցումներին առնչվող հարցերը: Քննարկման առանցքում է եղել նաեւ լիազորված տնտեսական օպերատորից տարբերվող կարգավիճակի առկայության դեպքում՝ տնտեսվարողի որոշակի արտոնություններից օգտվելու կարգը:

Հայ եւ վրացի գործընկերներն անդրադարձել են Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրվող՝ Հայաստանից ապրանքներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կարգավորման, շուտ փչացող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների արտահերթ բացթողման հնարավորության, ինչպես նաեւ՝ հրատապ լուծում պահանջող հարցերի պարզաբանման եւ տեղեկատվության փոխանակման նպատակով Հայաստանի եւ Վրաստանի սահմանային մաքսային մարմինների միջեւ ղեկավարների մակարդակով շուրջօրյա օպերատիվ կապի ներդրման հարցերին։



Ռուստամ Բադասյանը եւ Լեւան Կակավան հուլիսի 8-ին Թբիլիսիում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն:

Կողմերը կարեւորել են երկու երկրների մաքսային եւ հարկային ոլորտների պատասխանատուների պարբերական դարձած հանդիպումները, ինչպես նաեւ պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու գործուն քայլերը` ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:
Դիտում՝ 1956
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW