Made in Armenia ՀԿ-ն ներկայացրել է ՓՄՁ-ներին համապարփակ աջակցության ծրագիրը

08.07.2022 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Made in Armenia #ՓՄՁ #աջակցություն
Հուլիսի 7-ին տեղի է ունեցել Made in Armenia ՀԿ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագրի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցել են պետական պաշտոնյաներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ, փոքր եւ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ Made in Armenia ՀԿ նախագահ Աշոտ Գրիգորյանը նշել է, որ գործունեության կարճ ընթացքում կազմակերպությունը կարողացել է ստեղծել իր «հաջողությունների պատմությունը»՝ աջակցելով ՓՄՁ եւ տարբեր ոլորտներում ծառայություններ մատուցող ընկերությունների միջեւ կապերի ստեղծմանը, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, վաճառքի խթանման նպատակով:

Նրա խոսքով՝ այժմ տեղացի եւ արտասահմանյան գործընկերների հետ քայլեր են ձեռնարկվում հայ արտադրողների աջակցության համար բիզնես աքսելերատորի եւ բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված ֆինանսավորման գործիքի ներդրման ուղղությամբ: Այդ ծրագրերի մանրամասները միջոցառմանը ներկայացրել է Blockcentro ընկերության գործադիր տնօրեն Քրիստիանո Վոլպին (Իտալիա):

Կառավարության ներկայիս ծրագրով պետությունը որդեգրել է ՓՄՁ-ների կշիռը բարձրացնել ավելացված արժեքում մինչեւ 50%:
 
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը, կարեւորելով մասնավոր հատվածի հետ երկխոսությունը, անդրադարձել է կառավարության ծրագրերին: «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության կայացումը առանցքային դեր ունի, այն ստեղծում է միջին խավ, ինչն էլ, իր հերթին, բերում է ներառական քաղաքական համակարգի: Այս խնդիրը դրված է կառավարության առջեւ»,- նշել է նա:  

Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանն, իր հերթին, արտահանման խթանման եւ տնտեսության զարգացման առումով կարեւորել է տնտեսական դիվանագիտության ինստիտուտի կայացումը: «Ունենք նաեւ խնդիրներ լոգիստիկ առումով: Պետք է զարգացնել Հայաստանի լոգիստիկ ցանցը»,- ասել է նա՝ հավելելով, որ շուտով Հայաստանը դեպի Եվրոպա ու ՌԴ արտահանում կկարողանա կազմակերպել երկու լաստանավով:

Export Armenia ասոցիացիայի համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանն էլ արտահանման տեսանկյունից կարեւորել է նաեւ մասնագիտական ներուժի զարգացումը:

«Եթե մոտակա 2-3 տարվա ընթացքում չունենանք մինչեւ 500 մասնագետ, որոնք հստակ կարող են 3-ից 4 լեզվով, լայն աշխարհագրությամբ բանակցել, տիրապետել թվային գործիքների, ապա առաջ չենք գնալու, զարգացում չենք ունենալու: Արտահանման պարագայում կարեւոր գործոն է վաճառքը: Կարեւորեք այն մարդկանց, որոնք զբաղվում են ձեր ապրանքի վաճառքով: Թիրախավորեք այն երկրները, որտեղ ձեր ապրանքը կարող է երկար վաճառվել: Հաջորդիվ` այդ երկրի լեզվին, մշակույթին տիրապետող մասնագետներ ներգրավենք: Ի վերջո, կայուն որակ ապահովենք»,- ասել է Ալեքսանյանը:

Միջոցառման մասնակիցները պայմանավորվել են նման հանդիպումները դարձնել պարբերական:
Դիտում՝ 4805
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW