Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների ծրագրերը՝ բռնագրավելու եւ Ուկրաինայի վերականգնմանը փոխանցելու պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիների ակտիվները, խախտում են սեփականության իրավունքը, հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսը (Ignazio Cassis), ում խոսքերն է մեջբերում Frank Media-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։ Ռուսաստանյան սառեցված ակտիվների գումարը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, արդեն գնահատվում է $300 - $500 միլիարդ։Շվեյցարիայի նախագահը դեմ է արտահայտվել այդ միջոցների եւ ունեցվածքի բռնագրավմանը՝ հայտարարելով, որ սեփականության իրավունքի պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի լիբերալ ժողովրդավարության համար։ Նա նշել է, որ այլ երկրների որոշ առաջնորդներ եւս կարծում են, որ ռուսաստանյան ակտիվների բռնագրավումը վտանգավոր նախադեպ կստեղծի, ուստի պահանջում է լուրջ իրավաբանական հիմնավորում։ «Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մարդու հիմնական իրավունքներին, քանի որ այժմ կարող ենք ընդունել այնպիսի որոշում, որն իդեալական է Ուկրաինայի իրավիճակի համար, բայց դրանով հնարավորություն ստեղծենք նման որոշումներ կայացնելու այլ իրավիճակներում. այսինքն՝ պետությանը տանք ավելի շատ իշխանություն, քան պաշտպանենք քաղաքացու իրավունքները»,- ասել է նա։Ինյացիո Կասիսը կարծում է, որ ակտիվները կարելի է սառեցնել՝ դրանց պատկանելությունը եւ պատժամիջոցների սահմանափակումների հետ կապը պարզելու համար, սակայն, միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել համաչափության սկզբունքը՝ միջազգային իրավունքին համապատասխան։Շվեյցարիան բանկային գաղտնիքի մասին բավականին կոշտ օրենքներ ունեցող երկրներից է, որը խանդավառություն չի ցուցաբերում քաղաքական նպատակներով մասնավոր սեփականության բռնագրավման հարցում:Միաժամանակ, այս գաղափարը սկզբունքորեն հավանության է արժանացել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի կողմից։ Կանադայում արդեն իսկ նախապատրաստվել են բյուջետային օրենսդրության համապատասխան փոփոխությունները։ Tweet Դիտում՝ 4783