S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն ընթացիկ տարում նվազեցրել է եվրոգոտու եւ Չինաստանի ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը՝ միաժամանակ պահպանելով ԱՄՆ-ի համար գնահատականը, հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով S&P-ի հաղորդագրությունը։Այսպես, S&P-ն ակնկալում է, որ 2022 թվականին եվրոգոտու տնտեսությունը կաճի 2,6%-ով եւ ոչ թե մայիսին կանխատեսված 2,7%-ով: Գործակալությունը, մասնավորապես, վատթարացրել է ՀՆԱ-ի աճի սպասումները Ֆրանսիայի եւ Իսպանիայի համար, մինչդեռ Գերմանիայի եւ Իտալիայի կանխատեսումները պահպանվել են։ Իսկ 2023 թվականին եվրոգոտու ՀՆԱ-ն կաճի 1,9%-ով։Բացի այդ, գործակալությունը նվազեցրել է Չինաստանի տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումը. այժմ 2022 թվականին ակնկալվում է 3,3% աճ (նախկինում սպասվում էր 4,2%)։ Հաջորդ տարվա համար ընդհակառակը՝ կանխատեսումը բարելավվել է մինչեւ 5,5%։ Ճապոնիայի ՀՆԱ-ի աճի ակնկալիքները նույնպես նվազել են՝ 2,3%-ից իջնելով մինչեւ 2%, մինչդեռ Հնդկաստանի համար սպասումները պահպանվել են 7,3% մակարդակում:Միաժամանակ, 2022 թվականի համար S&P-ն պահպանել է ամերիկյան տնտեսության աճի մայիսյան կանխատեսումը 2,4%-ի մակարդակում, սակայն հաջորդ տարի այն 2%-ից նվազել է մինչեւ 1,6%։Գործակալությունը նշում է, որ վերջին վեց ամիսների ընթացքում մակրոտնտեսական միջավայրը զգալիորեն փոխվել է։ Այսպես, օրինակ, ԱՄՆ-ի, եվրոգոտու երկրների տնտեսությունների պոտենցիալ աճի տեմպերը պետք է երկու անգամ ավելի բարձր լինեին ներկայիս մակարդակից։ Ամենից շատ խնդիրները պայմանավորված են բարձր գնաճով։«Իրավիճակը փոխվել է եւ ոչ դեպի լավ կողմ։ Հիմնական փոփոխությունը գնաճային սպասումների կտրուկ շրջադարձն էր։ Հետ նայելով՝ այժմ կարելի է ասել, որ կենտրոնական բանկերը չափազանց երկար են սպասել տոկոսադրույքները բարձրացնելու պահին»,- ասված է S&P-ի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 5645