2022 թվականի հունիսի 24-ին տեղի է ունեցել Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը՝ համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով: Ժողովում ամփոփվել են բանկի գործունեության 2021 թվականի արդյունքները եւ ներկայացվել հետագա զարգացման ծրագրերը: «Հաշվետու տարում բանկի կողմից մեծ աշխատանք է տարվել 2020 թվականի հետեւանքները հաղթահարելու, դինամիկ զարգացում եւ աճ ապահովելու համար: Տարվա կարեւոր ձեռքբերումն էր բանկի կապիտալի ավելացումը: Արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում Յունիբանկը մոտ 1,1 միլիարդ դրամով համալրեց կանոնադրական կապիտալը»,- իր խոսքում նշել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը: Այսօր Յունիբանկն ունի 57 մասնաճյուղ եւ ավելի քան 330 000 հաճախորդ: 2021 թվականին բացվել են «Արին Բերդ» եւ «Մոսկվա» մասնաճյուղերը, իսկ «Տաշիր Կենտրոն», «Տերյան», «Ամիրյան» եւ «Երիտասարդական» մասնաճյուղերը նորոգվել եւ արդիականացվել են: 2021 թվականին բանկը պահպանել է առաջատարի իր դիրքը POS վարկերի քանակով: SME Banking Club-ը Յունիբանկը ճանաչել է որպես տարածաշրջանում բիզնեսի համար լավագույն վարկատեսակներ առաջարկող բանկերից մեկը: 2021 թվականին Visa միջազգային վճարային համակարգը Յունիբանկին շնորհեց «Highest cross-border share in Visa Business volume» մրցանակը: Բանկը, լինելով պարտատոմսերի շուկայի ակտիվ մասնակից, ընդհանուր առմամբ իրականացրել է պարտատոմսերի 18 թողարկում եւ տեղաբաշխել շուրջ 4,3 մլրդ դրամ եւ 39,5 մլն դոլար։ «Ֆինանսական կայունության եւ ներդրումային գրավչության բարձրացումը, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործումը եւ ակտիվների որակի բարելավումը շարունակել են առաջնահերթ լինել բանկի համար»,- ասել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը՝ ներկայացնելով բանկի գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվությունը: Յունիբանկի ակտիվները 2021 թվականի արդյունքներով կազմել են 252.8 մլրդ դրամ, մեկ տարում աճելով 6.2%-ով: Վարկային ներդրումները կազմել են 135.4 մլրդ դրամ: Պարտավորություններն աճել են 9%-ով՝ կազմելով 222.1 մլրդ դրամ: Սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում Յունիբանկը շարունակել է աջակցել կրթական ոլորտին՝ օգնելով սահմանամերձ շրջանների դպրոցներին: Բանկը դարձել է նաեւ Համահայկական ինտելեկտուալ շարժման մշտական գործընկեր: 2022 թվականի առաջնահերթություններից են բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով կապիտալի ավելացումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը, մանրածախ վարկավորման շուկայում մասնաբաժնի ավելացումը, որպես երկարաժամկետ համաշխարհային միտում՝ «կանաչ» ֆինանսավորման փորձի կիրառումը, ֆինտեխի օգտագործման ընդլայնումը, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառումը փոքր բիզնեսի վարկավորման գործում, եւ այլն: Tweet Դիտում՝ 2978