BRICS բանկը նախատեսում է 5 տարում $30 մլրդ-ի նոր նախագծեր հաստատել

24.06.2022 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#BRICS #Զարգացման նոր բանկ #Մարկոս Տրոյխո
BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) երկրների կողմից ստեղծված Զարգացման նոր բանկը առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսում է հաստատել $30 միլիարդ արժողությամբ նոր նախագծեր եւ ավելացնել ֆինանսավորումը տեղական արժույթներով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է բանկի նախագահ Մարկոս Տրոյխոն (Marcos Troyjo)՝ ելույթ ունենալով BRICS-ի գագաթնաժողովում։

«2022 թվականը Զարգացման նոր բանկի համար խորհրդանշում է ռազմավարական նոր ցիկլի սկիզբ: Առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք ակնկալում ենք $30 միլիարդի նոր նախագծերի հաստատում: Մենք կավելացնենք մեր ֆինանսավորումը տեղական արժույթներով, կընդլայնենք մեր գործընկերությունը մասնավոր հատվածի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում բանկի կողմից աջակցվող ծրագրերի մինչեւ 40%-ն ուղղված կլինի կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանն ու դրանց ադապտացմանը:

Զարգացման նոր բանկը հիմնադրվել է BRICS երկրների կողմից միջկառավարական համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել էր 2014 թվականի հուլիսին Ֆորտալեզայում (Բրազիլիա) BRICS-ի 6-րդ գագաթնաժողովում: Բանկի գործունեության նպատակն է ֆինանսավորել ենթակառուցվածքային եւ կայուն զարգացման նախագծերը BRICS պետություններում եւ զարգացող երկրներում:

Fitch Ratings-ը եւ S&P Global Ratings-ն ավելի վաղ բանկին շնորհել էին միջազգային վարկային վարկանիշներ «АА+» մակարդակում, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ներգրավել երկարաժամկետ ֆինանսավորում միջազգային եւ տեղական կապիտալի շուկաներում:

2021 թվականին Զարգացման նոր բանկը հավանության էր արժանացրել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Ուրուգվայի, Բանգլադեշի եւ Եգիպտոսի ընդունումը որպես բանկի անդամ նոր երկրներ:
Դիտում՝ 7188
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW