Իրինա Սեյլանյան. Բանկերը եզակի դեր ունեն կայունության ապահովման գործում

22.06.2022 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC Հայաստան #Իրինա Սեյլանյան #UBA Talks
Բանկերը եզակի դեր ունեն կայունության ապահովման եւ դժվարին իրավիճակում հաճախորդներին աջակցելու գործում, Հայաստանի բանկերի միության UBA Talks նախագծի շրջանակում հայտարարել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի (HSBC Հայաստան) Գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։

«Համակարգի հիմնական մարտահրավերն էր շարունակել անխափան եւ արդյունավետ սպասարկումը` միաժամանակ ապահովելով աշխատակիցների եւ հաճախորդների անվտանգությունը: Չնայած բոլոր մարտահրավերներին, որոնք, ի դեպ, այսօր եւս շարունակվում են, ես հպարտությամբ կարող եմ ասել, որ ամենատարբեր բարդ իրավիճակներում մեր համակարգը կարողացել է դրսեւորել ճկունություն` օժանդակություն ցուցաբերելով հաճախորդներին եւ միաժամանակ հաղթահարելով սեփական դժվարությունները. դա էլ իր հերթին չի կարող դրական ազդեցություն չունենալ մեր տնտեսության վրա»,- նշել է HSBC Հայաստան-ի ղեկավարը:

Նրա խոսքով՝ վերջին տարիների մարտահրավերները ցույց տվեցին, որ շատ կարեւոր է բարձր գիտակցության եւ պատասխանատվության դրսեւորումը բոլոր ոլորտներում:

«Լինելով միջազգային կայացած ֆինանսական կառույցի ներկայացուցիչ` կարող եմ փաստել, որ մեր բանկը, հավատարիմ լինելով իր միջազգային ցանցի ռազմավարությանը, պատասխանատվություն է դրսեւորում հավասարապես թե՛ իր հաճախորդների, թե՛  աշխատակիցների հանդեպ:

Բանկային ոլորտն այն ոլորտն է, որն ապացուցել է, որ չի խուսափում պատասխանատվությունից եւ հատկանշական է, որ այս հարցում հայաստանյան բանկերը գնում են միջազգային լավագույն փորձի օգտագործման ճանապարհով: Շատ եմ կարեւորում այն հանգամանքը, որ բանկերը ներդրումներ են կատարում իրենց աշխատակիցների վերապատրաստման, զարգացման, ինչպես նաեւ հաճախորդների գոհունակության բարձրացման ուղղությամբ: Սա հնարավորություն է տալիս ստեղծել առողջ աշխատանքային միջավայր, որտեղ բավարարված կզգան եւ՛ աշխատակիցները, եւ՛ հաճախորդները»,- ասել է Իրինա Սեյլանյանը:

Անդրադառնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) մշակույթի ձեւավորման սկզբունքներին՝ HSBC Հայաստան-ի ղեկավարը նշել է, որ իր համար ԿՍՊ ցուցաբերել նշանակում է լինել որոշակի արժեքների կրող, ինչն էլ իր հերթին նշանակում է ղեկավարել կազմակերպությունն այդ արժեքներով:  

«Անկախ գործունեության ոլորտից` դա վստահություն է առաջացնում հաճախորդների շրջանում, եւ այստեղ ֆինանսական կառույցները բացառություն չեն կազմում: Ընդ որում, հպարտորեն կարող եմ նշել, որ հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձեւավորման ակունքներում:

Այսօր բոլոր բանկերը մեծ ուշադրություն են դարձնում ԿՍՊ-ին եւ ունեն մշակված ներդրումային քաղաքականություն։ Մեր բանկն օրինակ բերելով` կարող եմ ասել, որ առաջնային ենք համարում բնապահպանությանն ու համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերը: Ուշադրության կենտրոնում ենք պահում նաեւ Հայաստանի մարզերը, քանի որ կարծում եմ` կայուն զարգացում ապահովելու համար չպետք է սահմանափակվենք միայն մայրաքաղաքում ԿՍՊ դրսեւորմամբ:



Մարզերում իրականացնում ենք ծրագրեր, որոնք ուղղված են տեղի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը, ինչպես նաեւ որոշակի գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերմանը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի անցնելու կամ բիզնես գործունեություն ծավալելու համար։ Այլ կերպ ասած` ներդրումներ ենք կատարում այնպիսի ծրագրերում, որոնք երկարաժամկետ ազդեցություն կունենան հասարակության կյանքում եւ կնպաստեն կայուն զարգացմանը: Այստեղ նաեւ խրախուսում ենք մեր աշխատակիցների ներգրավումը, որոնք մեծ սիրով իրենց մասնակցությունն են ցուցաբերում մեր կողմից իրականացվող ծրագրերում»- պատմել է Իրինա Սեյլանյանը:

Իրինա Սեյլանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ Հայաստանի բանկերի միության կայքում:
Դիտում՝ 2851
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW