«Օրրան» բարեգործական ՀԿ-ի Վանաձոր կենտրոնում տեղի ունեցավ «Հմուտ երիտասարդները հանուն համայնքի զարգացման» երկամյա դրամաշնորհային ծրագրի ավելի քան 50 շահառուների հանդիպումը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) աշխատակիցների հետ: Ծրագրի նպատակն է նպաստել Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի եւ Արագածոտնի մարզերի 16-35 տարեկան երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալական ներառմանը եւ ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը: HSBC Բանկի կողմից ֆինանսավորվող այս ծրագրի շրջանակում բանկի աշխատակիցները կամավորական սկզբունքով մեկնեցին Վանաձոր, որտեղ անցկացրեցին ֆինանսական գրագիտության դասընթացներ, ինչպես նաեւ կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են հետագայում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար: Ընդհանուր քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ծրագրի հետագա քայլերին, ինչպես նաեւ խոսվեց առկա մարտահրավերների մասին, որից հետո երիտասարդները բանկի աշխատակիցներին ուղղեցին իրենց հուզող բազմաթիվ հարցեր: «Մարզերի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացումը կարեւոր խնդիրներից է, որի ուղղությամբ առաջին տարին չէ, որ աշխատում ենք «Օրրան» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ: Առհասարակ, շատերը բանկերի հետ առնչվելիս բախվում են տեղեկացված չլինելու խնդրին, իսկ ոմանք էլ դժվարանում են արդյունավետ կառավարել սեփական ֆինանսները: Սակայն այս ամենն առավել վառ կերպով է արտահայտվում մարզերում, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում այնտեղի առանց այն էլ ոչ այնքան բարեկեցիկ կյանքով ապրող մեր հայրենակիցների կյանքում: Մեր բանկը մշտապես հոգածություն է ցուցաբերում հասարակության սոցիալական խնդիրների նկատմամբ` կորպորատիվ պատասխանատվություն դրսեւորելով որոշակի ուղղություններով: Մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ մարզերում բնակվող մեր հայրենակիցների բարեկեցիկ ապագայի կառուցման հարցում` տրամադրելով նրանց համապատասխան գիտելիքներ եւ գործիքակազմ բիզնես կառուցելու կամ աշխատանք գտնելու համար»,- նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը: Tweet Դիտում՝ 19167