Միջազգային վճարումները պատժամիջոցների պայմաններում․ ՌԴ-ում նոր առաջարկներ են հնչել

22.06.2022 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ВЭБ.РФ #պատժամիջոցներ #միջազգային վճարումներ
Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների սահմանումը ոչ միայն տնտեսական կորուստներ է առաջացնում, այլեւ բարձրացնում է որակապես այլ ազգային ֆինանսադրամական համակարգին անցնելու հարցը, ասված է ВЭБ.РФ պետական կորպորացիայի Հետազոտությունների եւ փորձաքննության ինստիտուտի «Միջազգային վճարումները պատժամիջոցների պայմաններում․ իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում, որին ծանոթացել է RBC-ն։

Ինստիտուտի վերլուծաբանները գնահատել են միջազգային հաշվարկների ապագան ազգային եւ թվային արժույթներով, ոսկով, ինչպես նաեւ փոխանակման եւ քլիրինգային գործարքների հիման վրա եւ առաջարկություններ են տվել Ռուսաստանի իշխանություններին հետագա քայլերի վերաբերյալ:

Թվային արժույթներ եւ «ոսկե ռուբլի»

ВЭБ-ի վերլուծաբանների կարծիքով՝ այսօր հատկապես կարեւոր է արտաքին առեւտրային վճարումների այլընտրանքային արժույթների վերաբերյալ լուծումների որոնումը։ Գործող ֆինանսական համակարգն այս ուղղությամբ վերակառուցելու համար, նրանց կարծիքով, անհրաժեշտ է ձեռնարկել հետեւյալ միջոցները.

- Թողարկել ոսկով ապահովված stablecoin` «ոսկե ռուբլի» աշխատանքային անվանմամբ։

Ամերիկացիները ոչ մի հնարավորություն չեն ունենա արգելափակել գործարքները կրիպտո ոսկե ռուբլով, քանի որ արժույթի փոխարժեքը կապված կլինի համաշխարհային շուկայում ոսկու փոխարժեքի հետ, պարզաբանել են ВЭБ-ում։ Թվային ռուբլուց հիմնական տարբերությունը կլինի հենց ոսկով ապահովվածության մեջ, ինչպես նաեւ՝ «ոսկե ռուբլին» ուղղվելու է ոչ թե ներքին, այլ արտաքին հաշվարկներին, այդ թվում՝ երրորդ երկրների միջեւ՝ առանց Ռուսաստանի մասնակցության։

- Պատժամիջոցների ենթարկված առաջատար ընկերությունների համար գործարկել կրիպտոարժույթների հետ աշխատելու մեխանիզմ բարեկամական երկրներում կրիպտոբորսաների հարթակի վրա կամ ստեղծել ազգային կրիպտոբորսա:

Բիթքոինների մայնինգի իրանական բումը, որը ծանրաբեռնում է դաշնային էլցանցերը, ցույց է տալիս, որ կրիպտոարժույթը դոլարի իրական այլընտրանքն է ժամանակակից հանգամանքներում, գրում են զեկույցի հեղինակները։ Իրանցիներն այդպես են շրջանցում ԱՄՆ պատժամիջոցները, որոնք թույլ չեն տալիս առեւտուր անել եւ բիզնես վարել արտասահմանյան ընկերությունների մեծ մասի հետ՝ վճարելով դոլարով, ասված է հետազոտության մեջ։ Կրիպտոարժույթը դեռեւս չի կարող լիովին մրցակցել ավանդական փողի հետ որպես վճարման միջոց, սակայն որպես բարձր փոփոխականությամբ առեւտրային գործիք, այն ավելի գրավիչ է, քան շատ այլ ակտիվներ, վստահ են վերլուծաբանները:

- Մշակել Կենտրոնական բանկի միջազգային հաշվարկների համակարգ բարեկամական երկրների հետ ազգային թվային արժույթներով՝ բաշխված ռեեստրի տեխնոլոգիաների հիման վրա։

Ազգային թվային արժույթն, ի տարբերություն կրիպտոարժույթի, «ազգային արժույթի հավելյալ ավատարն» է եւ կարող է ակտիվորեն օգտագործվել որպես վճարման միջոց։ Դրա անդրսահմանային օգտագործումը տեխնիկապես հնարավոր է, սակայն պահանջում է քաղաքական համաձայնեցում, նշում են ВЭБ-ի վերլուծաբանները: Թվային արժույթների անդրսահմանային օգտագործման ոլորտում ամենահաջող փորձը Inthanon-LionRock նախագիծն է, որը նախաձեռնվել է Հոնկոնգի Արժութային վարչության եւ Թաիլանդի բանկի կողմից 2019 թվականի մայիսին: Այն ենթադրում է կենտրոնական բանկերի թվային արժույթներով բազմաթիվ հաշվարկների համար միասնական հարթակի ստեղծում՝ հիմնված մեկ բազմարժութային համակարգի վրա: Ծրագրի ընդհանուր նպատակն է մշակել եւ ներդնել անդրսահմանային վճարումների նոր ենթակառուցվածք, որը կվերացնի առանցքային խնդիրները, ներառյալ՝ բարձր արժեքը, դանդաղ արագությունը եւ գործառնական բարդությունները:

Վճարային համակարգերի էքսպանսիա

ВЭБ-ի ինստիտուտի մի քանի առաջարկ վերաբերում է գործող վճարային համակարգերի գործունեության փոփոխություններին եւ ազգային արժույթներով հաշվարկների ընդլայնմանը: Մասնավորապես․

- «Мир» քարտերի համակարգը տարածել բարեկամական երկրների արտարժույթով վճարումների վրա: Կառավարական մակարդակով աջակցել ռուսաստանյան բանկերի (ներառյալ պատժամիջոցների տակ գտնվողների) միացումը UnionPay համակարգին:

Ռուսաստանում Mastercard-ի եւ Visa-ի գործունեության դադարեցումից հետո քաղաքացիներին որպես այլընտրանք հասանելի է ընդամենը վճարային երկու համակարգ՝ ազգային «Мир»-ը եւ չինական UnionPay-ը: «Мир»-ը գոյություն ունի 2015 թվականից, սակայն գործարքներն իրականացվում են միայն ռուբլով։ Բացի այդ, այն սպասարկվում է շատ սահմանափակ թվով երկրներում: UnionPay քարտն աշխատում է 180 երկրում, սակայն ներկայում Ռուսաստանում միայն տասը բանկ է այն թողարկում, ասված է զեկույցում։ Արդյունքում սկսում է զարգանալ «քարտային տուրիզմը». ռուսաստանցիները փնտրում են երկրներ, որտեղ բանկերը պատրաստ են հաշիվներ բացել ոչ ռեզիդենտների համար ռուսաստանյան անձնագրով։

- Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը (SWIFT համակարգի ռուսաստանյան նմանօրինակը) վերածել միջազգային վճարումների համակարգի ԱՊՀ-ում եւ Մեծ Եվրասիայի տարածքում, այդ թվում՝ Չինաստանում եւ այլ բարեկամական երկրներում:

Նման միջոցը կպահանջի բանակցություններ ոչ միայն կենտրոնական բանկերի միջեւ, այլեւ կառավարական մակարդակով։ Բացի այդ, անհրաժեշտ է պարզել վճարային ենթակառուցվածքի համատեղելիության հարցերը։ Չինական China International Payment System (CIPS) համակարգի հետ (թույլ է տալիս ուղղակիորեն դրամական փոխանցումներ կատարել յուանով եւ այլ արժույթներով չինացի գործընկերների հետ) նպատակահարմար է կնքել առանձին գործընկերության պայմանագիր, կարծում են ВЭБ-ի վերլուծաբանները։

- ԱՊՀ շրջանակում վերականգնել միջազգային վճարային համակարգի նախագիծը։

Ծառայությունների թիվը, որոնք թույլ են տալիս գումար փոխանցել Ռուսաստանի եւ այլ երկրների միջեւ, այդ թվում՝ ոչ բարեկամական, օրեցօր նվազում է, նշում են ВЭБ-ում։ PayPal-ը, Paysend-ը, Wise-ը եւ Western Union-ը դադարեցրել են իրենց աշխատանքը: Unistream-ը շարունակում է գործել, որը, սակայն, կրճատել է հասանելի երկրների թիվը, ինչպես նաեւ «Золотая корона»-ն եւ Contact-ը, որոնք գործարքներ են իրականացնում միայն ֆիզիկական անձանց միջեւ։ ԱՊՀ շրջանակում միջազգային վճարային համակարգի ստեղծումը կընդլայնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ փոխանցումների եւ հաշվարկների պրակտիկան, վստահ են վերլուծաբանները։

- Գործարկել արժութային ռիսկերի ապահովագրման (հեջավորման) համակարգ, այդ թվում՝ կենտրոնական բանկերի արժութային սվոփերի միջոցով՝ բարեկամական երկրների ազգային արժույթներով հաշվարկներն ընդլայնելու համար:

Ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների հիմնական խնդիրները ներառում են դրանց համեմատաբար ցածր իրացվելիությունը, գործառնական բարձր ծախսերը եւ փոխարժեքի անկայունությունը, ինչպես նաեւ արժեզրկման ռիսկերը: Ներկայում բարեկամական երկրների կենտրոնական բանկերի միջեւ փոխադարձ հաշվարկները սահմանափակված են ազգային արժույթներով սվոփ գծերի բացակայությամբ, դրանք թույլ են տալիս արժութային գործարքներն իրականցնել ֆիքսված փոխարժեքների հիման վրա, վստահ են BЭБ-ում։
Դիտում՝ 5773
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW