Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում (ՏՏ) դրամի արժեւորումը եւ դոլարի արժեզրկումը վնասներ է պատճառել ու ռիսկեր առաջացրել։ DataArt ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանն այսօր ասել է, որ վերջին ամիսներին ընկերությունն ունեցել է 20%-ի կորուստ, որը տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի համար լուրջ գումար է։«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունների մեծամասնությունն աշխատում է արտասահմանյան ընկերությունների հետ, շրջանառությունը եւ ծառայություն մատուցելու համար կնքվող պայմանագրերը լինում են դոլարով, իսկ ներքին ծախսային հատվածը՝ դրամով։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ չենք կարող դոլարով աշխատավարձ, վարձ վճարել, ներդրումներ անել։ Պայմանագրերն էլ կնքվում են մոտ մեկ տարի ժամկետով եւ դժվար է վերանայումը բացատրել ազգային արժույթի գնով։ Մաթեմատիկական թեթեւ հաշվարկներից կարելի է հասկանալ, թե ինչ կորուստներ են լինում այդ դեպքում»,- «Մանթաշյանց» գործարարների միությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։ Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ռիսկային իրավիճակ է ստեղծվում եւ ամենավատ տարբերակն այն է, որ ՀՀ-ում գործող փոքր կազմակերպությունները կարող են փակվել, ինչն էլ տնտեսությանը մեծ վնաս կլինի։ «Մեր ծախսերի մեծ մասն աշխատավարձն է, եւ պարտավորությունների կատարման, դրամային պայմանավորվածությունը պահպանելու համար պետք է ունենալ ավելորդ դոլար։ Հայաստանի ՏՏ կազմակերպությունների 90%-ից ավելին աշխատում է դրսի շուկայի համար եւ չգիտեմ՝ ինչ է մտածում մեր կառավարությունը»,- ասել է նա։ «Այսօր Հայաստանում կա 1000-ից ավելի ՏՏ կազմակերպություն, որից ընդամենը 100-ն է մեծ եւ ունի ռիսկերի կառավարում, կարող է ինչ-որ ձեւով դիմագրավել խնդիրներին։ ՏՏ ոլորտում նաեւ հաճախ պետք է ներդրումներ անել, այլապես, եթե բիզնեսը դոփի իր տեղում, ապագայում մրցունակ չի լինի աշխարհում։ Պետք է ճիշտ քայլեր ձեռնարկել՝ առաջիկայում խնդիրներ չունենալու համար»,- ասել է Արսեն Բաղդասարյանը։ 15.06.2022 | 18:11 Գործարար. ԿԲ-ն պետք է հասկանա արտարժույթի տատանումների պատճառը AIST Global ընկերության հիմնադիր-տնօրեն Հրայր Շահբազյանն էլ նշել է, որ ի տարբերություն մյուս կազմակերպությունների՝ իրենք հիմնականում աշխատում են եվրոյով, որի դեպքում ամեն ինչ ավելի վատ է։ «Եթե դոլարը 480-ից իջավ 420 դրամ, ապա եվրոն 530-ից իջավ 430, շեղումը 20%-ից ավելի է։ Բոլորը կարծում են, թե ՏՏ ոլորտը երազանքների տեղ է, բայց ոչ ոք չի մտածում, որ այդ բիզնեսն աշխատում է 20-30% մարժայով եւ այդ մարժա կոչվածն արդեն չկա։ ՏՏ ոլորտն այն վիճակում է, որ աշխատավարձերով շատ մոտ ենք եվրոպական երկրներին, Ուկրաինային, Լեհաստանին, եւ եթե նախկինում կարողանում էինք այդ շուկաներում առաջ գնալ, ապա մեր կուրսի պարագայում նրանց գները շատ ավելի շահավետ են դառնում։ Պետությունը պետք է քայլեր անի, որքան էլ Կենտրոնական բանկն ընդունել է «ջայլամի քաղաքականություն», կարծում եմ՝ պետք է քայլեր ձեռնարկել, եթե այսպես շարունակվի՝ ՏՏ շատ փոքր ու նոր ձեւավորվող ընկերություններ այս ամենին չեն դիմանա եւ կփակվեն»,- ասել է Հրայր Շահբազյանը։ Tweet Դիտում՝ 7828