Արտարժույթի կտրուկ տատանումների պատճառով գյուղմթերք արտահանողները կանգնել են լուրջ խնդիրների առաջ։ «Եվրոթերմ» ընկերության տնօրեն Վահե Ղազարյանն այսօր «Մանթաշյանց» գործարարների միությունում ասել է, որ ամեն տարի այս սեզոնին դոլարի անկում է լինում, որովհետեւ շատ ընկերություններ դոլարային վարկեր են վերցնում, դրամ դարձնում եւ գյուղատնտեսական գնումներ անում: Նրա կարծիքով, սակայն, այս պահին Հայաստանում դոլարն այնքան շատ է, որ ոչ ոք չի ուզում եւ արժեքն իջել է: Վահե Ղազարյանի խոսքով՝ մեծ ծավալի դոլար Հայաստան եկել է արտասահմանցիների ներհոսքի միջոցով։«Շատ ռուսներ գնում են Ղազախստան, բայց ղազախական շուկան մեծ է, այնտեղ գնացող մարդկանց քանակը, տնտեսության համեմատ, այնքան էական չէ, որ ինչ-որ փոփոխություններ լինեն։ Սա կատարվում է Հայաստանում, որովհետեւ մեր երկրի տնտեսությունը շատ փոքր է։ Եթե մտածում ենք, որ Կենտրոնական բանկը (ԿԲ) կարող է ազդել, ապա այդ ազդեցությունն ունենալու է կարճաժամկետ էֆեկտ: ԿԲ-ն պետք է հասկանա՝ խնդրի արմատը որտեղ է, ինչպես կարելի է դոլարի եկող հոսքն այլ ուղղություններով դնել, որ չլցվի շուկա: Երկրորդ՝ ակնկալում ենք կապ հասարակության հետ, որ պատկան մարմինները ճիշտ ներկայացնեն հարցերը, ընկերություններն էլ իրենց ապագա արտարժութային ռիսկերը կանխատեսեն: Ամենամեծ խնդիրն անկանխատեսելիությունն է, որ չգիտես՝ այս վայրիվերումներն ուր են տանում»,- ասել է Վահե Ղազարյանը: Նա նշել է, որ արտահանման առումով այսօր տուժում են բոլոր ուղղությունները, բացի Ռուսաստան-Հայաստան ուղղությունից: «Դեպի Ռուսաստան արտահանումն այսօր, իմ կարծիքով, վտանգի տակ չէ, քանի որ ռուբլի-դոլար եւ դրամ-դոլար հարաբերությունը զուգահեռ է գնում: Խմիչքների առյուծի բաժինն արտահանվում է ռուսական շուկա, բայց քանի որ հայտնի չէ, թե ռուսական շուկայում ինչ կլինի, բոլորի երազանքն է, որ դիվերսիֆիկացնեն իրենց շուկաները: Այժմ դիվերսիֆիկացիան դառնում է էլ ավելի դժվար ու անհույս»,- ասել է «Եվրոթերմ» ընկերության տնօրենը։Վահե Ղազարյանը նաեւ նշել է, որ ներքին շուկայում վաճառքներ ունեցողներն այսօր համեմատաբար լավ վիճակում են: «Ներկրողների համար հիմա շատ բարենպաստ իրավիճակ է, բայց նրանք էլ լոգիստիկ լուրջ խնդիրներ ունեն: Եթե նախկինում ինչ-որ բան ներկրելով նրանք վճարում էին մեկ միավոր տեղափոխման համար ու սպասում էին մեկ ամիս, հիմա վճարում են երեք միավոր ու սպասում երեք ամիս։ Լոգիստիկ խնդիրների դեպքում պետք է տարանջատենք՝ որ ուղղությունների մասին ենք խոսում: Դեպի Ռուսաստան լոգիստիկ խնդիրը մեծ կուտակումներն են Վրաստանում: Այսօրվա կուտակումների պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է, քանի որ շատ հոսքեր, որ նախկինում կարող էին անցնել Ուկրաինայով, տեղափոխվել է Վերին Լարս»,- նշել է նա: Վահե Ղազարյանի խոսքով՝ Վրաստանը հայկական մեքենան 20 օրում է տարանցում, բայց այժմ որոշվել է շուտ փչացող մթերքի համար առանձին միջանցք ունենալ: «Հուսով ենք՝ այդ ուղղությունը կբարելավվի: Վերին Լարսը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհն է: Ինչ վերաբերում է ծովային փոխադրումներին, ապա դրանք թանկացել եւ երկարել են: Եթե նախկինում մեկ կոնտեյներն այստեղից Լոս Անջելես տեղափոխելն արժեր պայմանական $4000, հիմա արժեքը $11 500 է: Նախկինում ապրանքը մեր պահեստից դուրս էր գալիս եւ 40-50 օրում Լոնգ Բիչ էր հասնում, իսկ նոյեմբերին ուղարկած կոնտեյները ընդամենը մեկ շաբաթ առաջ է տեղ հասել»,- ասել է «Եվրոթերմ» ընկերության տնօրենը: Լուսանկարը՝ «Մանթաշյանց» գործարարների միություն Tweet Դիտում՝ 3700