Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով: Ըստ հիմնավորման, օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպումն օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետեւանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսեւորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղեւորների, այնպես էլ միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին եւ հյուրերին: Ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են: ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները եւ զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ, օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար: Առաջարկվող կարգավորումներով սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ եւ պահանջներ, մասնավորապես՝ ներգրավվող ավտոմոբիլի տարիքային սահմանափակում, արտաքին տեսքի եւ գույնի նկատմամբ պահանջ, ներգրավվող ավտոմոբիլի վառելիքային համակարգի վերասարքավորման արգելք, օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցում իրականացնելու եւ պատվերը ընդունելու պայմաններ: Արդյունքում կմատուցվի քաղաքակիրթ եւ առավել բարձրորակ սպասարկում, ծառայությունների մատուցման գործընթացում կներգրավվեն տարիքով ավելի նոր եւ միանման արտաքին տեսքի ավտոմոբիլներ: Կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները: Tweet Դիտում՝ 3413