ՌԴ գործարարներին հետաքրքրում է իրանական փորձը՝ պատժամիջոցների պայմաններում

16.06.2022 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Իրան #պատժամիջոցներ
Ռուսաստանցի գործարարները սկսել են ավելի հաճախ մեկնել Իրան՝ պարզելու, թե ինչպես է երկիրը տարիներ շարունակ դիմակայել ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներին։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Financial Times-ը (FT)։

Թերթը զրուցել է տեղացի զբոսավար Ալիի հետ (FT-ն չի բացահայտել զրուցակցի ազգանունը), մայիսին նա կազմակերպել էր հիմնականում գործարար 160 ռուսաստանցու այցելություն: Սա չորս անգամ ավելին է, քան նա միջինում ունենում էր մինչև կորոնավիրուսային համավարակը: Financial Times-ի զրուցակիցը հայտնել է, որ նախկինում ՌԴ գործարարներն Իրան էին ժամանում՝ վաճառելու իրենց արտադրանքը, իսկ այժմ նրանք ցանկանում են գնել իրանականը։ Նրա խոսքով՝ ռուսաստանցիներին հիմնականում հետաքրքրում են ծանր տեխնիկայի համար պահեստամասերը եւ շինանյութերը:

Ալին ասել է, որ ռուսաստանցիներին զարմացնում է Իրանում արեւմտյան բրենդների, մասնավորապես՝ Apple սմարթֆոնների առկայությունը։ Պատժամիջոցների պատճառով այս բրենդները երկրում չեն աշխատում, եւ պարզ չէ՝ ինչպես են դրանք հասնում Իրան. տեղացի գործարարներն ասում են, որ պատժամիջոցները շրջանցելու ամենատարածված ուղիներն անցնում են Թուրքիայով եւ Հյուսիսային Իրաքով: Ալիի խոսքով՝ ամերիկյան եւ եվրոպական արտադրության բաղադրամասերը գնելու հարցում ռուսները շատ են զիջում իրանցիներին՝ կապերի ու համաշխարհային սեւ շուկա հասանելիություն ապահովելու առումով:

Պատժամիջոցների պատճառով Իրանում գնաճը եւ աղքատության մակարդակը բարձ են, սակայն իրանական բիզնեսի՝ սահմանափակումները շրջանցելով արտահանում եւ ներմուծում կազմակերպելու ունակությունն օգնել է նվազեցնել պատժամիջոցների ազդեցությունը, գրում է FT-ն։

Թերթը նշում է, որ Իրանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր հնարավորություններ են տեսնում վերջինիս դեմ պատժամիջոցների եւ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության պայմաններում։ Մասնավորապես, Իրանն արդեն շահում է նավթի համաշխարհային գների աճից։

Ռուսաստանի հետ տարեկան ապրանքաշրջանառության ծավալը մարտի վերջի դրությամբ կազմել է $2,2 միլիարդ, Իրանի մաքսային ծառայության տվյալներն է մեջբերում FT-ն։ Ընդ որում, Ռուսաստանի ՀՆԱ-ն ավելի քան յոթ անգամ գերազանցում է Իրանի ՀՆԱ-ն՝ համաձայն Համաշխարհային բանկի 2020 թվականի տվյալների։ Մայիսին Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են առեւտրում «առավելագույնս անցում կատարել» ազգային արժույթի օգտագործմանը, Թեհրան կատարած այցի ժամանակ ասել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։


Դիտում՝ 4635
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW