ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին այցելության ժամանակ հայտարարել է, որ տնտեսվարողների եւ քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին եւ արագ տեղաշարժ ապահովելը ՊԵԿ առաջնահերթություններից է:ՊԵԿ-ից հայտնում են, որ Մեղրիի անցակետում ներկայացվել են քաղաքացիների եւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմանները: Դիտարկվել են նաեւ սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը: Նա ընդգծել է, որ տնտեսվարողների եւ քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին եւ արագ տեղաշարժ ապահովելը կոմիտեի առաջնահերթություններից է, եւ Հայաստանի հարավային սահմանային անցակետի արդիականացումը եւս կարեւոր նշանակություն ունի: Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ առաջիկայում ԵՄ եւ ՎԶԵԲ ֆինանսական աջակցությամբ կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման եւ արդիականացման ծրագիրը: ՊԵԿ նախագահը վստահություն է հայտնել, որ անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղեւորափոխադրումների եւ առեւտրաշրջանառության աշխուժացմանը: Ընդգծվել է, որ ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը պայմանավորված է անցակետով անձանց եւ ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի շարունակաբար ավելացող աճով: Այն կնպաստի նաեւ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաեւ տարանցիկ փոխադրումները:Այցի ընթացքում ՊԵԿ նախագահին ուղեկցել են ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին: Tweet Դիտում՝ 2388