Գալստյան. Դրամի արհեստական արժեզրկումը ստեղծելու էր գնաճային ավելի վատ իրավիճակ

14.06.2022 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #գնաճ #դրամի արժեւորում
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ՀՆԱ աճի կանխատեսումը փոփոխվել է ու նախկինում կանխատեսված 1.6%-ից փոխարինվել 4.9%-ով:

«Այս փոփոխությանը նպաստել են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ճյուղերի վերանայման ցուցանիշները: Սա պայմանավորված է նաեւ միջազգային այցելուների՝ Հայաստանում գտնվելու հանգամանքով: Ինչպես նաեւ, կարճաժամկետ հատվածում, Ռուսաստանի տնտեսության ոչ այնքան վատ դրսեւորումներով, ինչքան ակնկալում էինք փետրվար-մարտ ամիսներին»,- ասել է Մարտին Գալստյանը:

Խոսելով դրամի արժեւորման մասին՝ ԿԲ նախագահն ասել է, որ Հայաստանում դրամի արժեւորումն «ազատ լողացող է, եւ համարվում է շոկերը կլանող լավագույն գործիքը»: «Այս պահի դրությամբ, երբ ՀՆԱ-ի ցուցանիշը վերանայել ենք, ու ըստ էության աճը սահմանել 4.9%, դա նպաստում է նաեւ դրամի որոշակի արժեւորմանը: Սա թույլ է տվել որոշակիորեն չարձագանքել ընդլայնվող գնաճային միջավայրին ու տոկոսադրույքը թողնել անփոփոխ»,- ասել է Գալստյանը:

ԿԲ նախագահը չի բացառել, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժեւորումը կարող է խնդիրներ առաջացնել որոշ արտահանող ընկերությունների համար:

«Բայց էական հարցը նրանում է, թե ինչպես ենք լուծելու այդ խնդիրը. մի տարբերակն այն է, որ առաջարկվում էր արհեստականորեն դրամի փոխարժեքն արժեզրկել, ինչը ստեղծելու էր գնաճային ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու էր Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ներառյալ՝ արտահանողներին: Մենք կարծում ենք, որ այս պահին չափազանց կարեւոր է՝ կառավարության հետ համատեղ ունենանք կոորդինացված քաղաքականություն, որի շրջանակում կկարողանանք զբաղվել գնաճի խնդիրներով, կառավարության կողմից էլ հասցեական մոտեցում լինի սեկտորային խնդիրներին, որոնք կարող են առաջանալ դրամի արժեւորման արդյունքում»,- ասել է Մարտին Գալստյանը:
Դիտում՝ 4693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW