ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2022թ. մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է եւ կազմել 9.0%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս ավելացել է՝ կազմելով 8.4%:«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում է բացասաբար անդրադառնալ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական եւ ֆինանսական շուկայի զարգացումների վրա: Համաշխարհային արժեշղթաների պահպանվող խաթարումները եւ միջազգային ապրանքահումքային շուկաներում գների շարունակական աճը հանգեցնում են համաշխարհային գնաճային միջավայրի ընդլայնմանը: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը նախանշում են դրամավարկային քաղաքականության՝ համեմատաբար ավելի արագ տեմպերով խստացման մասին: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռեւս պահպանվում է:2022թ.-ի երկրորդ եռամսյակում պահպանվում է ՀՀ տնտեսության բարձր ակտիվությունը: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը եւ ներքին մասնավոր ծախսումների աճը նպաստում են ծառայությունների ճյուղի եւ ամբողջական պահանջարկի ավելացմանը: Սա հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը եւ գնաճային սպասումների աճին: ՀՀ ծառայությունների արտահանման էական աճը եւ ֆինանսական ներհոսքը նպաստում է նաեւ արժութային շուկայում դրամի արժեւորմանը: Գնահատվում է, որ առաջիկայում վերջինս դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ: Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: ԿԲ Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում եւ չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին: 14.06.2022 | 12:04 Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողնվել՝ 9.25 % ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը դեռեւս պահպանվում է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ «Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը»,- եզրափակել են ԿԲ-ում: Tweet Դիտում՝ 2206