Հրապարակվել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը, համաձայն որի 2022 թվականին տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,5%, իսկ 2023-ին՝ 4,6%: Ըստ զեկույցի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսությունը 2022 թվականին կնվազի մոտ 3%-ով՝ հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող պատերազմը եւ դրա հետեւանքները:Սպասվում է, որ համաշխարհային տնտեսական աճը կտրուկ կնվազի՝ 2021 թվականի 5,7%-ից մինչեւ 2,9%՝ 2022 թվականին, ինչը զգալիորեն ցածր է հունվարի կանխատեսումից՝ 4,1%:Ակնկալվում է, որ 2023-24 թվականներին աճի տեմպերը կտատանվեն այս ցուցանիշի շուրջ, քանի որ պատերազմն Ուկրաինայում խաթարում է տնտեսական, ներդրումային եւ առեւտրային գործունեությունը մոտ ապագայում:«Պատերազմն Ուկրաինայում, լոքդաունները Չինաստանում, մատակարարման շղթաների խափանումները եւ ստագֆլյացիայի վտանգը խոչընդոտում են տնտեսական աճին։ Շատ երկրների համար դժվար կլինի խուսափել ռեցեսիայից: Շուկաները սպասում են, եւ, հետեւաբար, հրատապ գործողություններ են անհրաժեշտ արտադրությունը խթանելու եւ առեւտրի սահմանափակումները կանխելու համար։ Հարկաբյուջետային, դրամավարկային, կլիմայական եւ պարտքային քաղաքականությունը պետք է փոխվի՝ հակազդելու կապիտալի ոչ ռացիոնալ բաշխմանը եւ պայքարելու անհավասարության դեմ»,- ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը:Զարգացած տնտեսություններում կանխատեսվում է աճի տեմպերի կտրուկ նվազում՝ 2021 թվականի 5,1%-ից մինչեւ 2,6%՝ 2022 թվականին, ինչը 1,2 տոկոսային կետով ցածր է հունվարի կանխատեսումներից։ 2023 թվականին սպասվում է աճի հետագա դանդաղում մինչեւ 2,2%:Ձեւավորվող շուկաներով երկրներում եւ զարգացող տնտեսություններում նույնպես սպասվում է աճի տեմպերի կրճատում՝ 2021 թվականի 6,6%-ից մինչեւ 3,4%՝ 2022 թվականին, ինչը զգալիորեն ցածր է 2011-2019 թվականների միջին ցուցանիշից՝ 4,8%: Tweet Դիտում՝ 3055