Մենք տնտեսական բարձր աճ ենք գրանցել 2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում, բայց հասկանում ենք, որ ավելի երկարաժամկետ կայուն տնտեսական զարգացումը մեծապես կախված կլինի այսօրվա մեր բարեփոխումների եւ նախագծերի ճկունությունից եւ արդյունավետությունից:Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում:«Վստահ եմ, որ Տնտեսական խորհուրդը կվերածվի մի ինստիտուտի, որը կօգնի, կաջակցի եւ կառաջնորդի Հայաստանի տնտեսական բարեփոխումներին, եւ ես հաստատակամորեն հանձնառու եմ բաց, թափանցիկ, կառուցողական երկխոսության միջոցով աջակցելու խորհրդի գործունեությանը»,- ասել է նա։ Նիստի ընթացքում քննարկվել են խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Տեսակապով անցկացված տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցել են «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Եվգենի Կանդելը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լեւոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը: Խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել հուլիսին՝ Հայաստանում: Tweet Դիտում՝ 3248