Citigroup-ը չի շտապում հեռանալ Ռուսաստանի շուկայից

01.06.2022 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Citigroup #Ջեյն Ֆրեյզեր #Ռուսաստան
Citigroup-ը կարող է պահպանել իր բանկային լիցենզիան եւ որոշ գործառնությունները Ռուսաստանում՝ օգնելու իր հաճախորդներին դադարեցնել բիզնեսը երկրում: Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times-ին ասել է խմբի գլխավոր տնօրեն Ջեյն Ֆրեյզերը (Jane Fraser)։

«Մենք դեռ չգիտենք, մենք որոշում չենք կայացրել, թե կոնկրետ ինչ չափի ենք լինելու»,- ասել է Ֆրեյզերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Citi-ն կփորձի պահպանել իր լիցենզիան: Նա հավելել է, որ բանկի ներկայությունը Ռուսաստանում «զգալիորեն ավելի փոքր կլինի, քան նախկինում»:

Citigroup-ը կարող է կորցնել մոտ $3 միլիարդ, եթե Ռուսաստանում բիզնեսը «շատ վատ ընթանա», լրագրողներին ասել է Ֆրեյզերը: Բանկի անմիջական ռիսկը հիմնականում կապված է այն կապիտալի հետ, որը դեռեւս երկրում է։ Ռիսկով կշռված ակտիվների միայն 0,3%-ն է գտնվում Ռուսաստանում, ասել է Ֆրեյզերը:

Նա հրաժարվել է մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ Citigroup-ը կարող է Ռուսաստանում վաճառել իր մանրածախ բիզնեսը «Էքսպոբանկ»-ին՝ նշելով, որ դա «հեշտ միջավայր չէ», եւ հնարավոր չէ վստահ լինել, որ հնարավոր կլինի կնքել գործարքը: Նա հավելել է, որ Citigroup-ը մտադիր է ազատվել Ռուսաստանում իր ակտիվներից «որքան հնարավոր է արագ»:

Բացի այդ, Citigroup-ը հայտարարել է, որ առայժմ մնում է Ռուսաստանում՝ օգնելու անդրսահմանային հաճախորդներին, ովքեր փորձում են դադարեցնել իրենց բիզնեսը Ռուսաստանում: Խոսքը դեղագործական, սննդի եւ տեխնոլոգիական ընկերությունների մասին է, մանրամասնել է Ֆրեյզերը: «Մենք օգնում ենք նրանց. նրանցից շատերը դուրս են գալիս բիզնեսից կամ կրճատում են իրենց գործունեությունը, եւ եթե ձեր բանկը չի զբաղվում աշխատավարձի հաշվեգրման հարցով կամ չի օգնում շուկան լքելու գործընթացում, ապա շատ դժվար է հասնել դրան»:

Citigroup-ը հայտարարել էր Ռուսաստանում մանրածախ բիզնեսը վաճառելու մտադրությունների մասին դեռեւս 2021 թվականին: Մարտին Bloomberg-ը եւ Financial Times-ը հայտնել էին, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը եւ արեւմտյան պատժամիջոցները բարդացրել են Ռուսաստանում Citibank-ի վաճառքը: Bloomberg-ը նշել էր, որ դժվարությունները կարող են հանգեցնել նրան, որ վարկատուի ռուսաստանյան բաժանմունքը պարզապես կփակվի։

Անցած շաբաթ Frank Media-ն՝ վկայակոչելով աղբյուրները, հայտնել էր, որ «Էքսպոբանկ»-ը բանակցություններ է վարում Citibank-ի ռուսաստանյան մանրածախ բիզնեսը գնելու շուրջ: Առայժմ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն կողմերը «կես ճանապարհն անցել են», նշել էր պարբերականի զրուցակիցը։

Citibank-ը գրասենյակ էր բացել Մոսկվայում 1992 թվականին եւ մեկ տարի անց ստացել Ռուսաստանում բանկային գործունեության համար լիցենզիա: Forbes-ի վարկածով՝ վարկատուն վեցերորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի ամենահուսալի բանկերի վարկանիշում:
Դիտում՝ 5579
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW