Փաշինյան. Տեխնոլոգիաների ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար

26.05.2022 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԵԱՏՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Իր ելույթում նա հույս է հայտնել, որ միջոցառման արդյունքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները կնպաստեն եվրասիական ինտեգրացիայի հետագա առաջընթացին:  

Նա, մասնավորապես, անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու նշել, որ ՀՀ կառավարությունն այն համարում է տնտեսական զարգացման հիմքերից մեկը։

«Մենք նպատակադրված ենք ընդլայնելու մեր հնարավորությունները, որպեսզի դառնանք մի երկիր, որն արտադրում և մատուցում է բարձրորակ, բանականության վրա հիմնված ապրանքներ և ծառայություններ՝ իր հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալը: Ընդհանուր առմամբ, նոր տեխնոլոգիաները տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն են, մարտահրավեր նրանց համար, ովքեր ցանկանում են հետ չմնալ մարդկության առաջընթացից։ Հենց այս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն եզակի ճյուղերից է, որը զարգացման համար չի պահանջում նավահանգիստներ, ելք դեպի ծով և հարուստ հանքային պաշարներ։ Այն պահանջում է մարդկային կապիտալ, իսկ դա այն ռեսուրսն է, որով միշտ աչքի է ընկել Հայաստանը։ Այս տեսանկյունից մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև թվային տեխնոլոգիաների ուսուցման միջոցով երիտասարդների հմտությունների զարգացմանը»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկրի կառավարությունը փորձում է անել հնարավորը, որպեսզի ՀՀ-ն դարձնի գրավիչ, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, և ընդհանրապես, բոլոր բնագավառներում ներդրումների համար:

«Մենք այժմ նկատում ենք, որ առկա է դեպի Հայաստան ՏՏ մասնագետների որոշակի հոսք, մենք հասկանում ենք կոնտեքստը և փորձում ենք անել այնպես՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի ԵԱՏՄ-ի շրջանակում այդ շարժերը ծառայեն հենց միության ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը, քանի որ այն ընդհանուր շուկա է, ընդհանուր տարածք: Ընդհանուր առմամբ, կարելի ասել՝ այդպիսով ցույց ենք տալիս, որ ԵԱՏՄ-ի հիմնական նպատակներից մեկին հասել ենք, որովհետև աշխատուժի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժն այժմ գործնականում կյանքի ենք կոչում: Հույս ունեմ, որ դա Եվրասիական տնտեսական տարածքի համար կդառնա սովորական, ինչը և փաստացի հանդիսանում է այն նպատակը, որը դրված է եղել կազմակերպության առաջ այն ստեղծելու պահին: Այնպես որ, սա շատ կարևոր նյուանս է, որպեսզի ընդգծենք Եվրասիական տնտեսական միության արդյունավետությունը»,- ասել է նա:
Դիտում՝ 3097
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW