Երեւան /Մեդիամաքս/. “ՊրոԿրեդիտ Բանկը” Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ## այսօր կազմակերպել էր հանդիպում Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության /ՀԱՁՄ/ անդամների հետ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, բանկի գլխավոր տնօրեն Բերթոլդ Հերցֆելդն ասել է, որ հանդիպմանը նպատակը բանկի եւ հայաստանյան բիզնեսի միջեւ երկխոսություն հաստատելն է` շեշտելով բանկի կողմնորոշումը դեպի փոքր եւ միջին բիզնեսն ու միջին եւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների ֆինանսավորումը: Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը նույնպես նշել է, որ «ՊրոԿրեդիտ Բանկը» հատկապես հարմար է սկսնակ ձեռնարկությունները ֆինանսավորելու համար:“Հայ ձեռնարկատերերը հույս չունեն, որ արտասահմանյան կապիտալ ունեցող բանկերը կփոխեն բանկային ծառայությունների որակը Հայաստանում”,- ասել է ՀԱՁՄ նախագահ Արսեն Ղազարյանը` մեկնաբանելով այն փաստը, որ հրավիրված գործարարների մեծ մասն այսօր հանդիպմանը չէր եկել:“Հայաստանում գործում են ֆրանսիական, բրիտանական, ռուսական, լիբանանյան, իրանական եւ գերմանական կապիտալներով բանկեր, սակայն նրանց քաղաքականությունը եւ ծառայությունները ոչնչով չեն տարբերվում տեղի բանկերի առաջարկներից, իսկ տոկոսադրույքների տարբերությունն աննշան է”,- ասել է Արսեն Ղազարյանը: Նրա խոսքերով, հայ ձեռնարկատերերի ակնկալիքները հիմնականում կայանում են նրանում, որ “ՊրոԿրեդիտի” նման բանկերը իրենց մոտեցնեն եվրոպական էժան ռեսուրսներին: Tweet Դիտում՝ 6854