Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդն այսօր Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի (ԿԲԾ) Լրացուցիչ ֆինանսավորման համար $25 միլիոնի վարկ է հաստատել։ Ծրագրի միջոցով կառավարությանը հավելյալ աջակցություն կտրամադրվի Հայաստանում տարրական դպրոց մուտք գործող երեխաների պատրաստվածության, հանրակրթության ոլորտում կրթական ռեսուրսների ֆիզիկական վիճակի եւ առկայության բարելավման եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի եւ համապատասխանության բարձրացման համար։Կրթական երեք աստիճաններն ընդգրկող ծրագիրը կօգնի Հայաստանի երեխաների կրթական հետագծի եւ մարդկային կապիտալի ուժեղացմանը եւ համահունչ է կառավարության ու ոլորտային միջնաժամկետից երկարաժամկետ ռազմավարություններին։«Այս ծրագրով Կառավարությունը կրթության բոլոր աստիճաններով, այդ թվում՝ երեխայի վաղ տարիքի եւ բարձրագույն կրթական ծառայությունների համապատասխանության, որակի եւ մատչելիության բարելավման նպատակ ունի։ Ծրագիրը կարեւոր ուղիներով նպաստում է Հայաստանի մարդկային կապիտալի հզորացմանը եւ տնտեսության մրցունակության բարձրացմանը»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։Ծրագիրը երկու հիմնական բաղադրիչ ունի։ Առաջին բաղադրիչով կշեշտադրվի հանրակրթության որակի բարձրացումը՝ չորսից վեց տարեկան երեխաների համար նախատեսված լրացուցիչ 80 համայնքային նախակրթարանների ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ նոր նախակրթարաններում նշանակված ուսուցիչների եւ տնօրենների վերապատրաստմամբ։ Սեյսմիկ առումով վատ վիճակում եւ կլիմայական ռիսկի գոտում գտնվող՝ բարձր դասարանների համար նախատեսած չորս միջնակարգ դպրոց կհիմնանորոգվի եւ կվերանորոգվի։Բացի այդ, այս բաղադրիչի շրջանակում խրախուսվելու է տվյալներով առաջնորդվող՝ փաստահենք քաղաքականության մշակումը՝ կառավարումը, դասավանդումն ու ուսումնառությունը բարելավելու նպատակով։ Հանրակրթական դպրոցների 200 լաբորատորիաներ կվերազինվեն սարքավորումներով, կկահավորվեն եւ կապահովվեն ռեսուրսներով՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների վերանայված ուսումնական ծրագրի համատեքստում ուսուցման նախագծահենք մոտեցումը մատուցելու հարցում ուսուցիչներին օգնելու համար։ Երկրորդ բաղադրիչով կֆինանսավորվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհ-եր) նախագծերը՝ աշխատաշուկային համապատասխանությունը, կազմակերպական արդյունավետությունը եւ ընդգրկման ու այլ հնարավորությունների հավասարությունը բարելավելու համար։ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում առաջարկների ներկայացման մրցույթով ողջունելի կհամարվեն թե՛ համալսարաններում եւ թե՛ հիմնական կրթության ոլորտում ԲՏՃՄ կրթության ամրապնդման համար նորարարական մոտեցումների մշակման նպատակադրումով նախագծերը։Համաշխարհային բանկը $25 միլիոնի փոփոխական սպրեդով (սփռվածք) ՎԶՄԲ վարկ կտրամադրի, որի արտոնյալ ժամկետը 14․5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25 տարի։ Կառավարության մասնակցությունը $6․25 միլիոն է կազմում։ Tweet Դիտում՝ 13912