ԱՄՆ Կոնգրեսի Սենատը նախօրեին հաստատել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Federal Reserve System, FRS) գործող նախագահ Ջերոմ Փաուելի (Jerome Powell) թեկնածությունն այս պաշտոնում երկրորդ ժամկետի համար։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Փաուելին աջակցել է 80 սենատոր, նրա վերանշանակմանը դեմ է քվեարկել 19 օրենսդիր։ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է Փաուելի, ինչպես նաեւ մի շարք այլ թեկնածուների հաստատումը FRS-ի Կառավարիչների խորհրդում:«Ես պարզ հասկացրել եմ, որ գնաճի դեմ պայքարն իմ գլխավոր գերակայությունն է երկրի ներսում: Ես ուրախ եմ տեսնել, որ Սենատը, հաստատելով իմ կողմից FRS-ում առաջադրված թեկնածուներին, քայլ առաջ է կատարել ի օգուտ իմ օրակարգի՝ գնաճը վերահսկողության տակ դնելու համար: FRS-ն առաջնային դեր ունի գնաճի դեմ պայքարում, եւ խորհրդի այս բարձր որակավորում ունեցող անդամները կբերեն հմտություններ եւ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են այս կրիտիկական ժամին»,- ասված է ԱՄՆ ղեկավարի գրավոր հայտարարության մեջ: 23.11.2021 | 09:26 Ջերոմ Փաուելի թեկնածությունն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար Փաուելը FRS-ի ղեկավարն է 2018 թվականի փետրվարից։ Նրան այդ պաշտոնում առաջադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հետագայում վերջինս հաճախ էր Փաուելին ենթարկում խիստ քննադատության։FRS-ն ԱՄՆ-ում կատարում է կենտրոնական բանկի դերը, որն իրականացնում է երկրի դրամավարկային քաղաքականությունը՝ ազդելով դրամական շրջանառության պայմանների վրա եւ որոշելով բանկային վարկի տոկոսադրույքը։ FRS-ը միավորում է 12 դաշնային պահուստային բանկ, որոնք տեղակայված են ԱՄՆ խոշոր քաղաքներում: FRS-ի Կառավարիչների խորհուրդը բաղկացած է յոթ հոգուց եւ հանդիսանում է այդ գերատեսչության ղեկավար մարմինը։ Շարքային անդամները նշանակվում են 14 տարի, FRS-ի ղեկավարը՝ չորս տարի ժամկետով։ Tweet Դիտում՝ 7654