ԿԲ նախագահ. 2021-ին բարելավվել է բանկերի վարկային պորտֆելի որակը

03.05.2022 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #վարկային պորտֆել
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2021 թվականին վարկավորման շուկայում արձանագրվել է ակտիվության աճ:

Անդրադառնալով 2021 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությանը՝ նա նշել է. «Հաջողությամբ հաղթահարելով 2020թ.-ի շոկերի անբարենպաստ ազդեցությունը՝ արդեն 2021թ.-ի երկրորդ կիսամյակից սկսած վարկավորման բոլոր ոլորտներում գրանցվել են աճի միտումներ: Ֆինանսական ցիկլի ինդեքսը, որն արտացոլում է ֆինանսական շուկայի աճի եւ վարկերի ակտիվության դինամիկան, արդեն երկրորդ կիսամյակում մուտք է գործել աճի վերականգնման փուլ»:  

Մարտին Գալստյանի խոսքով՝ ֆինանսական ցիկլի աճին մեծապես նպաստել է հիփոթեկային շուկայում զարգացումները:

«Հոսքային ցուցանիշներն առավել ցայտուն են ընդգծում վերջին եռամսյակներին վարկավորման ակտիվացման միտումները: Անշարժ գույքի գները եւ հիփոթեկային վարկավորումը ցուցաբերել են աճի նմանատիպ միտումներ՝ դրսեւորելով փոխլրացնող եւ միմյանց փոխսնուցող վարքագիծ:

Հիփոթեկային շուկայում ռիսկերի առավել արդյունավետ եւ թիրախային հասցեագրման նպատակով ԿԲ-ն ներդրել է միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող վարկ/գրավ առավելագույն սահմանաչափի պահանջները:

Հաշվի առնելով արտարժութային հիփոթեկային վարկերին ներհատուկ ռիսկերը՝ դրանց համար սահմանվել է ավելի ցածր շեմ»,- ասել է ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանը նաեւ հայտնել է, որ 2021թ.-ին բարելավվել է ինչպես բանկերի վարկային պորտֆելի որակը, այնպես էլ ռիսկերի կլանման կարողությունը. «Էապես նվազել է վատորակ վարկերի կշիռը, որին ի լրումն տնտեսական ակտիվության աճի գործոնի՝ նպաստել է նաեւ բանկերի եւ վարկառուների կողմից ցուցաբերած առավել պահպանողական մոտեցումը: Բանկային համակարգի ռիսկերի կլանման կարողությունը բարելավվել է, մասնավորապես գրանցել է թե կապիտալի, թե իրացվելիության բուֆերների աճ»:
Դիտում՝ 2386
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW