ԿԲ. Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի

03.05.2022 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #գնաճ
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) փոխանցմամբ՝ 2022թ. մարտին 12-ամսյա գնաճն ավելացել է եւ կազմել 7.4%: Ավելացել է նաեւ 12-ամսյա բնականոն գնաճը՝ կազմելով 7.0%:

«Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է եւ պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները: Սա բացասաբար է արտահայտվում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական եւ ֆինանսական շուկայի զարգացումների վրա: Այդ երկրներում տնտեսական աճի տեմպերի՝ սպասվածից արագ դանդաղումն ուղեկցվում է գնաճային միջավայրի ընդլայնմամբ: Վերջինս պայմանավորված է արժեշղթաների խաթարումներով եւ միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճի արագացմամբ: Այսպիսով՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի:

2022 թվականի առաջին եռամսյակում դիտվել է ՀՀ տնտեսական ակտիվության՝ սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումներ: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում եւ ընդլայնում ամբողջական պահանջարկը: Դա նպաստում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության բարելավմանը եւ արժութային շուկայում դրամի արժեւորմանը: Գնահատվում է, որ վերջինս դրական ազդեցություն կփոխանցի նաեւ ներքին գնաճային միջավայրի թուլացման եւ գնաճային սպասումների նվազման ուղղությամբ»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեռեւս թողնել անփոփոխ: ԿԲ խորհուրդը հետեւողական է համարժեք գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի եւ միջնաժամկետ  հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ, կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը:
Դիտում՝ 1849
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW