Rystad Energy. 2022-ին Ռուսաստանի եկամուտները նավթի վաճառքից կավելանան 45%-ով

02.05.2022 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Rystad Energy #Ռուսաստան #նավթ
Ընթացիկ տարում նավթի վաճառքից մուտքերը ռուսաստանյան բյուջե նախորդ տարվա համեմատ կաճեն 45%-ով եւ կկազմեն ավելի քան $180 միլիարդ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Rystad Energy խորհրդատվական ընկերության ուսումնասիրության մեջ։

Փորձագետների կարծիքով՝ նավթի վաճառքից Ռուսաստանի եկամուտները կավելանան նույնիսկ արդյունահանման ծավալների կրճատման դեպքում, ինչը բացատրվում է համաշխարհային շուկաներում հումքի արժեքի աճով։ Ընդհանուր առմամբ, վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչեւ 2030 թվականը Ռուսաստանում նավթի արդյունահանումը 2021 թվականի համեմատ կկրճատվի օրական 2 միլիոն բարելով, իսկ գազի արդյունահանումը կաճի, թեեւ ոչ շատ։ Տնտեսագետները նշում են, որ մարտի առաջին կեսին պատժամիջոցների մտավախության պատճառով եվրոպացի գնորդները սկսեցին հրաժարվել ռուսաստանյան հում նավթի ներմուծումից, սակայն այնուհետեւ Ռուսաստանի կողմից արտահանվող նավթի ծավալը սկսեց վերականգնվել դեպի Չինաստան եւ Հնդկաստան մատակարարումների հաշվին։

Rystad Energy-ն կարծում է, որ 2022 թվականին գազի վաճառքից Ռուսաստանի բյուջեի հարկային մուտքերը կկազմեն մոտ $80 միլիարդ՝ Եվրոպայում դրա բարձր արժեքի, ինչպես նաեւ Ասիայում հեղուկ բնական գազի գների բարձրացման պատճառով։ Մասնագետներն ընդգծում են, որ Մոսկվայի որոշումը դադարեցնել գազի մատակարարումը դեպի Լեհաստան եւ  Բուլղարիա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ երկրները հրաժարվում են վճարել ռուբլով, լրջորեն չի ազդի Ռուսաստանի եկամուտների վրա։



«Եվրոպայի կախվածությունը ռուսաստանյան էներգետիկայից տեւեց տասնամյակներ եւ օգուտ տվեց երկու կողմերին: Պատժամիջոցների եւ էմբարգոյի սկզբնական փուլում Ռուսաստանը կշահի, քանի որ ավելի բարձր գները նշանակում են զգալիորեն ավելի բարձր հարկային մուտքեր, քան նախորդ տարիներին: Դեպի Ասիա արտահանումը վերաուղղելու համար կպահանջվեն ժամանակ եւ ներդրումներ ենթակառուցվածքում, ինչը միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի արդյունահանման եւ Ռուսաստանի համար եկամուտների մակարդակի կտրուկ նվազմանը»,- կարծում է Rystad Energy-ի ավագ վերլուծաբան Դարիա Մելնիկը:
Դիտում՝ 4009
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW