Tinkoff-ն առանց Տինկովի․ բանկը ռեբրենդինգ կիրականացնի

23.04.2022 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օլեգ Տինկով #Tinkoff #ռեբրենդինգ
2022 թվականին «Տինկոֆ»-ը (Tinkoff) կիրականացնի ռեբրենդինգ եւ կհրաժարվի հին ապրանքանշանի օգտագործումից։

«Ընկերությունը երկար ժամանակ էր պատրաստվում այդ քայլին, եւ վերջին իրադարձություններն էլ ավելի արդիական դարձրին այս որոշումը»,- ասված է «Տինկոֆ Բանկ»-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։

Նշվում է, որ անվան հետ կապված Tinkoff ապրանքանշանը վաղուց է կորցրել իր արդիականությունը։ «Մենք նոր քայլ ենք անում եւ առաջ ենք շարժվում. հանուն մեր 20 միլիոն հաճախորդների երջանկության մենք որոշում ենք թողնել Tinkoff ապրանքանշանը պատմության համար եւ շարունակում ենք զարգացնել լավագույն ֆինանսական պրոդուկտներն ու ծառայությունները ռուսաստանյան շուկայում՝ նոր պայծառ ապրանքանշանի ներքո»,- նշել են ընկերությունում։ Ապրանքանշանի նոր անվանումը չի բացահայտվում։

«Օլեգ Տինկովին մաղթում ենք հաջողություն եւ շուտափույթ ապաքինում»,- եզրափակել են բանկում։



Հիշեցնենք, որ օրերս Օլեգ Տինկովը Instagram-ում գրառում էր հրապարակել՝ քննադատելով Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը։ Նա հայտարարել էր, որ չի տեսնում ընթացիկ իրադարձությունների «ոչ մի շահառու», նշել էր, որ «ռուսաստանցիների 90%-ը» դեմ է հատուկ գործողությանը, եւ «հավաքական Արեւմուտքին» անգլերենով կոչ էր արել լինել «ավելի ռացիոնալ եւ մարդասեր» ու դադարեցնել այն, ինչ տեղի է ունենում։

Այս կապակցությամբ «Տինկոֆ Բանկ»-ը հայտարարել էր, որ  չի կարող եւ չի մեկնաբանի «Օլեգ Տինկովի՝ սոցիալական ցանցերում արտահայտած անձնական կարծիքը»։

«Տինկովը երկար տարիներ որոշումներ կայացնող չի եղել «Տինկոֆ» խմբի ընկերություններում, նա «Տինկոֆ»-ի աշխատակից չէ, երկար ժամանակ չի եղել Ռուսաստանում եւ վերջին տարիներին զբաղվել է իր առողջական խնդիրներով»,- ասված էր հաղորդագրության մեջ։

«Օլեգ Տինկովը մեր 20 միլիոն հաճախորդներից մեկն է։ Մենք գիտենք, որ մեր հաճախորդները տարբեր կերպ են մտածում եւ հարգում ենք նրանց սեփական կարծիքի իրավունքը՝ անկախ նրանից՝ աջակցում ենք դրան, թե ոչ»,- հայտարարել էր «Տինկոֆ Բանկ»-ը։
Դիտում՝ 5937
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW