«Տինկոֆ Բանկ»-ը չի մեկնաբանել Տինկովի՝ ՌԴ գործողությունը քննադատող կարծիքը

20.04.2022 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Տինկոֆ Բանկ» #Օլեգ Տինկով
«Տինկոֆ Բանկ»-ը չի կարող եւ չի մեկնաբանի «Օլեգ Տինկովի՝ սոցիալական ցանցերում արտահայտած անձնական կարծիքը», նշել է բանկը Telegram-ի իր ալիքում։

«Տինկովը երկար տարիներ որոշումներ կայացնող չի եղել «Տինկոֆ» խմբի ընկերություններում, նա «Տինկոֆ»-ի աշխատակից չէ, երկար ժամանակ չի եղել Ռուսաստանում եւ վերջին տարիներին զբաղվել է իր առողջական խնդիրներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Օլեգ Տինկովը մեր 20 միլիոն հաճախորդներից մեկն է։ Մենք գիտենք, որ մեր հաճախորդները տարբեր կերպ են մտածում եւ հարգում ենք նրանց սեփական կարծիքի իրավունքը՝ անկախ նրանից՝ աջակցում ենք դրան, թե ոչ»,- հայտարարել է «Տինկոֆ Բանկ»-ը։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ նախօրեին Օլեգ Տինկովը Instagram-ում հրապարակել էր գրառում՝ քննադատելով Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը։ Նա հայտարարել էր, որ չի տեսնում ընթացիկ իրադարձությունների «ոչ մի շահառու», նշել էր, որ «ռուսաստանցիների 90%-ը» դեմ է հատուկ գործողությանը, եւ «հավաքական Արեւմուտքին» անգլերենով կոչ էր արել լինել «ավելի ռացիոնալ եւ մարդասեր» ու դադարեցնել այն, ինչ տեղի է ունենում։



Ավելի վաղ Օլեգ Տինկովը հայտարարել էր, որ պետությունները պետք է գումար ծախսեն ոչ թե պատերազմի, այլ մարդկանց բուժման եւ քաղցկեղը հաղթահարելու ուղիներ գտնելու վրա։

«Հիմա Ուկրաինայում ամեն օր անմեղ մարդիկ են զոհվում, սա աներեւակայելի է եւ անընդունելի։ Պետությունները պետք է գումար ծախսեն մարդկանց բուժման, քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում հետազոտությունների վրա, այլ ոչ թե պատերազմի: Մենք դեմ ենք այս պատերազմին»,- նշել էր գործարարը։

Նա նաեւ խնդրել էր իրեն չանվանել «օլիգարխ» եւ ընդգծել, որ արդեն մեկուկես տարի պաշտոններ չի ունեցել իր հիմնած վարկային հաստատությունում եւ չի եղել դրա տնօրենների խորհրդում։

«Ես self-made եմ, խնդրում եմ, վերջ տվեք ինձ «օլիգարխ» անվանել։ Ես զրոյից ստեղծեցի ավելի քան 100 հազ․ նոր աշխատատեղ, չորս բիզնես, որոնք ընդհանրապես գոյություն չունեին ԽՍՀՄ փլուզումից հետո»,- Instagram-ի իր էջում գրել էր գործարարը։

Տինկովի խոսքով՝ ինքը երբեք չի օգտվել կապերից, չի կնքել անգամ մեկ պետական պայմանագիր։ «Ես երբեք չեմ եղել Կրեմլում եւ չեմ հանդիպել որեւէ պաշտոնյայի հետ, բացառությամբ ԿԲ ղեկավարի, ով իմ ղեկավարն էր։ Նրանք ինձ ուղղակի պետք չէին»,- պատմել էր նա։
Դիտում՝ 4345
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW