ԱՄՀ-ի անկանխատեսելի կանխատեսումները

20.04.2022 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Պիեռ-Օլիվյե Գուրինշա #կանխատեսում
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը մեծացրել է համաշխարհային տնտեսության աշխարհաքաղաքական բլոկների մասնատվելու ռիսկը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում։

«Պատերազմն Ուկրաինայում մեծացրել է համաշխարհային տնտեսության աշխարհաքաղաքական բլոկների մասնատվելու ռիսկը՝ տարբեր տեխնոլոգիական չափանիշներով, անդրսահմանային վճարային համակարգերով եւ պահուստային արժույթներով: Նման «տեկտոնիկ տեղաշարժը» կհանգեցնի ադապտացիայի համար պահանջվող բարձր ծախսերի եւ երկարաժամկետ հեռանկարում արդյունավետության նվազմանը՝  մատակարարման շղթաների ու արտադրական ցանցերի վերակազմակերպման պարագայում: Այն նաեւ լուրջ մարտահրավեր է կանոնների վրա հիմնված համակարգի համար, որը կարգավորել է միջազգային եւ տնտեսական հարաբերությունները վերջին 70 տարիների ընթացքում»,- ասված է ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Պիեռ-Օլիվյե Գուրինշայի (Pierre-Olivier Gourinchas) զեկույցին կից ներածական խոսքում:

Ըստ հիմնադրամի մասնագետների՝ «զգալի թվով երկրներ խզել են առեւտրային կապերը Ռուսաստանի հետ», ներկայիս իրավիճակը «վտանգում է խաթարել համաշխարհային տնտեսության վերականգնումը համավարակից հետո»։ Նրանք կարծում են, որ աշխարհաքաղաքական մասնատումը «մեծացնում է հակամարտությունների եւ տնտեսական անկայունության ռիսկը՝ ընդհանուր առմամբ նվազեցնելով արդյունավետությունը»։

Համաշխարհային գնաճը

Համաշխարհային գնաճի մակարդակն ավելի երկար կպահպանվի բարձր դիրքերում, քան ավելի վաղ գնահատում էին փորձագետները։ «Կանխատեսվում է, որ գնաճը բարձր կմնա շատ ավելի երկար, քան նշվում էր մեր նախորդ կանխատեսման մեջ, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում եւ ձեւավորվող շուկաներում»,- ասված է Գուրինշայի ներածական խոսքում: Այսպես, 2022 թվականի համար կանխատեսվում է 5,7% գնաճ զարգացած տնտեսությամբ երկրներում եւ 8,7%՝ ձեւավորվող շուկաներում ու զարգացող երկրներում՝ համապատասխանաբար 1,8 եւ 2,8 տոկոսային կետով ավելի բարձր, քան  կանխատեսվում էր հունվարին։

Այնուամենայնիվ, ըստ հիմնադրամի, կանխատեսումը բախվում է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների անորոշությանը, եւ «պայմանները կարող են զգալիորեն վատթարանալ»: «Ցնցումների աննախադեպ բնույթի պատճառով մենք ընդգծում ենք, որ այս կանխատեսումների անորոշությունը զգալի է եւ դուրս է գալիս սովորական միջակայքի սահմաններից: Տնտեսական աճը կարող է էլ ավելի դանդաղել, իսկ գնաճը՝ սպասվածից ավելի բարձր լինել, եթե, օրինակ, պատերազմի դադարեցմանն ուղղված պատժամիջոցները տարածվեն ռուսաստանյան էներգակիրների եւ այլ ապրանքների արտահանման էլ ավելի մեծ ծավալի վրա»,- կարծում են փորձագետները։

Աղքատ երկրների խնդիրները

Գլխավոր տնտեսագետը գտնում է, որ ուկրաինական իրադարձություններով պայմանավորված մատակարարման խնդիրները զգալիորեն կուժեղացնեն գնաճային ճնշումը տարբեր երկրներում, այդ թվում՝ զարգացած շուկաներում, մասնավորապես, էներգակիրների, մետաղների եւ պարենային ապրանքների գների աճի հաշվին։ Սպասվում է, որ մատակարարման հետ կապված խնդիրները կպահպանվեն մինչեւ 2023 թվականը, ասել է Գուրինշան, ով նաեւ ԱՄՀ ղեկավարի տնտեսական հարցերով խորհրդականն է: Նրա կարծիքով, «ձեւավորվող շուկաներում եւ զարգացող տնտեսությամբ երկրներում սննդամթերքի եւ վառելիքի գների աճը կարող է զգալիորեն մեծացնել սոցիալական ալեկոծման ռիսկը»։

«Գնաճի բարձր մակարդակը կդժվարացնի փոխզիջումային որոշումների որոնումը գների ճնշումը զսպելու եւ տնտեսական աճը պահպանելու միջեւ, որի հետ բախվում են կենտրոնական բանկերը: Սպասվում է, որ կենտրոնական բանկերի քաղաքականության խստացման հետ մեկտեղ կաճեն տոկոսադրույքները՝ ճնշում գործադրելով ձեւավորվող շուկաներով երկրների եւ զարգացող տնտեսությունների վրա»,- կարծում են զեկույցի հեղինակները:

Խոսքն այդ երկրների պարտքային խնդիրների մասին է, որոնք նաեւ «կարող են բախվել կապիտալի հետագա դուրսբերման եւ արժույթների արժեզրկման հետ, ինչը միայն կավելացնի գնաճային ճնշումը»։ Մասնավորապես, վերջին երկու տարվա ընթացքում դրանց «պարտքի մակարդակը զգալիորեն աճել է, եւ արտակարգ հարկաբյուջետային աջակցությունը պետք է ավարտվեր 2022-2023 թվականներին»: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները եւ աշխարհի կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների առաջիկա բարձրացումն «էլ ավելի կկրճատեն բյուջետային հնարավորությունները շատ երկրներում, հատկապես՝ ձեւավորվող շուկաներով եւ զարգացող տնտեսությամբ, որոնք նավթ եւ պարենային ապրանքներ են ներկրում», նշված է զեկույցում։

Ուկրաինայի ՀՆԱ-ն

2022 թվականին ԱՄՀ-ն կանխատեսում է Ուկրաինայի ՀՆԱ-ի 35% անկում եւ դեռեւս հնարավոր չի համարում 2023 թվականի համար գնահատականներ տալ։ Ըստ ԱՄՀ մասնագետների տվյալների՝ 2021 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ի աճը կազմել է 3,4%, տարեկան գնաճը հասել է միջինում 9,4%-ի, իսկ գործազրկությունը՝ 9,8%-ի։ ԱՄՀ-ում հրաժարվում են հետագա կանխատեսումներ անելուց։

«Չնայած հնարավոր չէ ճշգրիտ գնահատականներ տալ Ուկրաինայի տնտեսությանը հասցված վնասի մասին, այնուամենայնիվ, այս պատերազմը կհանգեցնի դրա շատ լուրջ կրճատմանը»,- նշել են հիմնադրամի փորձագետները՝ խոսելով այդ երկրում ՌԴ հատուկ գործողության մասին։ Նրանց կարծիքով՝ նույնիսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների հնարավորինս շուտ դադարեցման դեպքում՝ «տնտեսական ակտիվությունը դեռ երկար տարիներ կբարդանա»։ Ինչպես ընդգծվում է զեկույցում, «մարդկանց տեղաշարժը եւ ֆիզիկական ունեցվածքի ոչնչացումը նշանակում է, որ ակտիվությունը Ուկրաինայում որոշ ժամանակ զգալիորեն ցածր կլինի», քան դա կանխատեսվում էր մինչեւ ՌԴ հատուկ գործողության մեկնարկը։

Հիմնադրամի փորձագետներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայից ցորենի եւ եգիպտացորենի մատակարարումների կրճատումն, ինչպես սպասվում է, կհանգեցնի աշխարհում դրանց արժեքի բարձրացմանը։

Զարգացման հեռանկարները

Համաշխարհային տնտեսության հետագա զարգացման հեռանկարները վատթարանում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով։

«Քանի որ Ռուսաստանը նավթի, գազի եւ մետաղների, ինչպես նաեւ Ուկրաինայի հետ մեկտեղ՝ ցորենի եւ եգիպտացորենի խոշոր մատակարարն է, այդ ապրանքների առաջարկի ներկայիս եւ սպասվող կրճատումն արդեն իսկ հանգեցրել է դրանց գների կտրուկ աճի։ Առավել տուժել են Եվրոպան, Անդրկովկասը եւ Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան, ինչպես նաեւ Սահարայի հարավում գտնվող Աֆրիկայի շրջանները: Պարենային ապրանքների եւ վառելիքի գների աճը կվնասի ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին ամբողջ աշխարհում, ներառյալ՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, ինչպես նաեւ Ասիայում»,- կարծում են հիմնադրամի փորձագետները:

Միջնաժամկետ հեռանկարը

Ինչպես կանխատեսում են փորձագետները, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը միջնաժամկետ հեռանկարում էլ ավելի կդանդաղեն (2022-2023 թվականներին այդ ցուցանիշը, ըստ ԱՄՀ-ի, կկազմի 3,6%)։ «2023 թվականից հետո կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսական աճը միջնաժամկետ կտրվածքով կնվազի մինչեւ շուրջ 3,3%»,- գրում են զեկույցի հեղինակները։ Միաժամանակ, նրանք պարզաբանում են, որ այս կանխատեսումը հիմնված է հետեւյալ առանցքային ենթադրությունների վրա. «հակամարտությունը կսահմանափակվի Ուկրաինայի տարածքով, Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները չեն անդրադառնա էներգետիկ ոլորտի վրա, համավարակի հետեւանքները առողջապահության եւ տնտեսության վրա կթուլանան 2022 թվականի ընթացքում»։

«Ներկայիս կանխատեսումը բնութագրվում է անորոշության ոչ տիպիկ բարձր աստիճանով»,- զգուշացնում են փորձագետները։ Նրանց տեսանկյունից՝ «գերակայում են լրացուցիչ բացասական հետեւանքների ռիսկերը», որոնք կապված են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության շուրջ իրավիճակի հնարավոր վատթարացման, Մոսկվայի դեմ Արեւմուտքի կողմից նոր սահմանափակող միջոցների կիրառման, Չինաստանի աճի տեմպերի սպասվածից ավելի էական դանդաղեցման եւ համավարակի նոր ալիքի բռնկման հետ։ Ավելին, ռուսաստանյան հատուկ գործողության կողմնակի էֆեկտները «մեծացրել են ավելի լայն սոցիալական լարվածության հավանականությունը պարենային ապրանքների եւ էներգակիրների գների աճի պատճառով»՝ ավելի մթագնելով համաշխարհային տնտեսության հետագա զարգացման հեռանկարները, ընդգծել են ԱՄՀ-ում։
Դիտում՝ 3845
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW