2022թ․ մարտ ամսին ՌԴ բնակչության արտարժութային խնայողությունները ռուսաստանյան բանկերում նվազել են $9,8 միլիարդով, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալները։Ինչպես նշել է կարգավորիչը, հաշիվներից եւ ավանդներից արտարժույթի ամենամեծ արտահոսքը նկատվել է ամսվա առաջին տասնօրյակում եւ դադարել մարտի վերջին շաբաթում։Արտարժութային մնացորդների դինամիկայի վրա ազդել է Կենտրոնական բանկի կողմից կապիտալ սահմանափակումների ներդրումը. մարտի 9-ին կարգավորիչը վարկային կազմակերպություններին 6 ամսով արգելել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին կանխիկ արտարժույթ տրամադրել, բացառությամբ դոլարի, եւ սահմանել $10 հազար սահմանաչափ դուրսբերման համար։ Արտարժույթ կարող էին ստանալ միայն այն հաճախորդները, ովքեր հաշիվը կամ ժամկետային ավանդը բացել էին մինչեւ մարտի 9-ը։ Նոր ավանդները կամ սահմանաչափից բարձր միջոցները դեռեւս հնարավոր է հանել միայն ռուբլով: Ապրիլի 11-ից Կենտրոնական բանկն առեւտրային բանկերին թույլատրել է եվրո տրամադրել սահմանաչափերի սահմաններում, իսկ ապրիլի 18-ից հաճախորդները կարող են կանխիկ արտարժույթ գնել մասնաճյուղերում։Փետրվարի 1-ի դրությամբ (վերջին հասանելի տվյալները), ռուսաստանցիներն, ընդհանուր առմամբ, բանկային հաշիվներում ունեին $90,6 միլիարդ։Ռուսաստանի Բանկը մարտին գրանցել է բնակչության՝ ռուբլով խնայողությունների վերադարձ բանկային հաշիվներին եւ ավանդներին՝ «տոկոսադրույքների բարձրացման ֆոնին»։Փետրվարի 28-ին Կենտրոնական բանկն արտահերթ նիստում հիմնական տոկոսադրույքը բարձրացրեց մինչեւ ռեկորդային 20%, որից հետո բանկերը սկսեցին վերանայել ավանդների առաջարկները։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ մարտի առաջին տասնօրյակում առաջատար 10 բանկերում ավանդների միջին առավելագույն տոկոսադրույքը հասել է տարեկան 20,51%-ի։«Ապրիլի սկզբին ֆիզիկական անձինք փոխհատուցել են ռուբլով միջոցների արտահոսքի մի մասը, որը նրանք հանել էին բանկային հաշիվներից փետրվարի վերջին, այդ թվում՝ արժույթի փոխարկման միջոցով»,- նշել է կարգավորիչը։Միջոցների մուտքերը ռուբլով հաշիվների եւ ավանդների վրա, սակայն, չի արգելափակել արտարժութային ավանդների արտահոսքը. մարտին բանկերում ֆիզիկական անձանց դրամական միջոցներն, ընդհանուր առմամբ, նվազել են 0,7%-ով կամ 236 միլիարդ ռուբլով, նշել են Կենտրոնական բանկում։ Փետրվարին՝ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության եւ պատժամիջոցների ֆոնին շուկայական իրավիճակի կտրուկ փոփոխությունից հետո բնակչությունը բանկերից հինգ անգամ ավելի շատ գումար է դուրս բերել՝ մոտ 1,2 տրիլիոն ռուբլի։ Tweet Դիտում՝ 4691