Չինաստանի իշխանությունները կոչ են անում ԱՄՆ-ին չեղարկել չինական ընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները եւ անհրաժեշտ են համարում առեւտրային արգելքների իջեցումը, քանի որ դա «շահավետ է երկու երկրների համար»։Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես է եկել Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Շու Ձյուետինը՝ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով 2021թ․ երկու պետությունների առեւտրի վերաբերյալ ԱՄՆ-Չինաստան գործարար խորհրդի զեկույցը։«Հուսով ենք, ամերիկյան կողմը շուտով կչեղարկի բարձրացված մաքսատուրքերը, ինչպես նաեւ մեր երկրի ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները։ Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրատնտեսական հարաբերությունների կայուն եւ ներդաշնակ զարգացումը ձեռնտու է ոչ միայն Չինաստանին եւ ԱՄՆ-ին, այլեւ մեր ժողովուրդներին, այն դրական ազդեցություն կունենա համաշխարհային մատակարարման շղթաների եւ գլոբալ տնտեսության վերականգնման վրա»,- Ձյուետինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Նա հիշեցրել է, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային համագործակցությունը զարգանում է հավասար հիմունքներով՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը։ Շու Ձյուետինը նաեւ հույս է հայտնել, որ Վաշինգտոնը «բարենպաստ պայմաններ եւ մթնոլորտ կստեղծի փոխգործակցության շրջանակն ընդլայնելու համար»։Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտուրը հունվար-մարտ ամիսներին աճել է 12,2%-ով՝ կազմելով $185,91 միլիարդ, չինական արտահանումն ԱՄՆ աճել է 16,7%-ով (մինչեւ $138,89 միլիարդ), իսկ ամերիկյան արտադրանքի ներմուծումն աճել է ընդամենը 0,8%-ով (մինչեւ $47,02 միլիարդ)։ Tweet Դիտում՝ 3727